Կոմիտեի դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը շարունակվում է





Շարունակվում են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի հրամանով հաստատված աշխատանքային խմբերի այցերը գիտական կազմակերպություններ։ Հուլիսի 4-ին և 9-ին այցեր են իրականացվել, համապատասխանաբար. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ: Կատարված այցերի նպատակն էր ԲԿԳ կոմիտեի հայտարարած դրամաշնորհների ֆինանսավորման արդյունքում ձեռքբերված սարք/սարքավորումների, գիտական կազմակերպություններում պայմանների բարելավման, ինչպես նաև դրամաշնորհային ծրագրերի շրջանակում կատարվող աշխատանքների մշտադիտարկումը:
2024թ․ մշտադիտարկման ենթակա ծրագրերի և թեմաների ցանկում ընդգրկված են.
- Պոլիտեխնիկում իրականացվող՝
- «Գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոնի պահպանում և զարգացում» ծրագիրը, որի շրջանակում գործում է 17 բազային գ/հ լաբորատորիա,
- «Պերովսկիտ-սիլիցիում երկանցումային արևային տարրերի մշակում»,
- «Տարբեր մեկուսիչ հարթակների վրա մակերևութային տրորմամբ ստացված երկչափ կիսահաղորդիչներ՝ հաջորդ սերնդի էլեկտրոնիկայի համար» թեմաները։
- ՀՀ ԳԱԱ երկրաբանական ինստիտուտում իրականացվող՝
- Լիթոսֆերայի ձևավորման, օգտակար հանածոների առաջացման, տեղաբաշխման և որոնման առանձնահատկությունները. երկրաբանական վտանգավոր երևույթների և պրոցեսների գնահատում,
- Հայաստանի կարևոր (ռազմավարական) միներալների ներուժի գնահատումը` բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համար էկոլոգիապես կայուն արտադրության նպատակով,
- Տեֆրոխրոնոլոգիա և Հայաստանում հրաբխային մոխրի թափման վտանգը։
Շրջայցերի ընթացքում ներկայացվել են նշված ծրագրերի/թեմաների կատարման ընթացքի, ստացված գիտական արդյունքների, ֆինանսական աջակցության գումարների օգտագործման, ծախսերի, օրացուցային պլանով նախատեսված միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ, քննարկումներ են եղել ծրագրերի/թեմաների գիտական ղեկավարների և գիտաշխատողների հետ։
ԲԿԳԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Կարեն Ղարիբյանի հավաստմամբ՝ այցի նպատակն է ԲԿԳԿ հայտարարած դրամաշնորհների ֆինանսավորմամբ ձեռք բերված սարքավորումների, գիտական կազմակերպություններում պայմանների բարելավման, ինչպես նաև դրամաշնորհային ծրագրերի շրջանակում կատարվող աշխատանքների մշտադիտարկումը. «Այսպիսի այցելությունները թույլ կտան վեր հանել խնդիրները և փնտրել լուծումներ՝ նպաստելով համալսարանի առաջընթացին»։: