ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը պատրաստ է

09.07.2024
image descriptionimage descriptionimage description

Հուլիսի 9-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի ունեցավ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակի հանրային ներկայացումը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ գլխավոր հատակագծի վերջնական տարբերակն ունենալուց հետո պլանավորվում են հանրային մասնակցության բաց քննարկումներ: «Ուսումնական տարվա սկսվելուն պես նախատեսում ենք գլխավոր հատակագիծն առանձին ներկայացնել նաև բուհերում՝ դասախոսական և ուսանողական կազմերի հետ մանրամասն քննարկելով ծրագիրը: Պլանավորում ենք հնարավորինս լայնամասշտաբ հանրային քննարկումներ, որովհետև այս ծրագիրը հանրությունը վերափոխող ծրագիր է: Եթե խոսում ենք նման նշանակության ծրագրի մասին, ապա առաջնայինը հանրային մասնակցությունն է: Հույս ունեմ, որ ակադեմիական, գիտական շրջանակները կլինեն մեր կողքին, որովհետև մենք այդ աշխատանքը միասին անելու կարիք ունենք»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ակադեմիական քաղաքի նախագիծը նաև հանրությանը վերափոխող ծրագիր է, քանի որ սկսած քաղաքաշինական միջավայրից՝ այն հանրային կյանքի նոր որակ և փորձառություն է բերելու: «Ակադեմիական քաղաքը միայն միջավայրի և ենթակառուցվածքի մասին չէ. բովանդակային աշխատանքը նույնպես պլանավորվող և զուգահեռ ընթացող գործընթաց է՝ միջազգային տարբեր գործընկեր բուհերի ներգրավվածությամբ բարձրագույն կրթության և հետազոտության, դրանք ավելի մրցունակ ու բարձրորակ դարձնելու աշխատանքների շուրջ: Այս բոլոր աշխատանքները սկսելով և շարունակելով՝ ամենակարևորն առաջ գնալու հետևողականությունն է: Պարզ է՝ սա մեկ կամ երկու տարվա ծրագիր չէ, և որպեսզի տեսնենք ցանկալի արդյունքը, համատեղ և սրտացավ աշխատանք պետք է կատարենք: Փոփոխություններին այլընտրանք չունենք, քանի որ բարձրագույն կրթության և գիտության միջավայրի համար զարգացման տանող նոր մոդելը օրախնդիր է»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավաստիացնելով, որ ԿԳՄՍ նախարարությունն ունի այդ աշխատանքն անելու պատրաստակամությունն ու հետևողականությունը, որն առկա է նաև մասնագիտական, ակադեմիական և գիտական դաշտում:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշեց, որ միջոցառումն ամփոփում է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի քննարկմանը վերաբերող հանդիպումների այս շրջափուլը, որը սկսվել էր դեռևս տարեսկզբին՝ ներառելով բուհական և գիտական համայնքների ներկայացուցիչներին:

Գլխավոր հատակագծի վերջնական հայեցակարգը ներկայացրեց գերմանական gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը` անդրադառնալով ապրիլիվ ի վեր նախագծում կատարված փոփոխություններին և վերջինիս ավարտական տեսքին: Ներկայացնելով ակադեմիական քաղաքի գլխավոր առավելությունները՝ նա նշել է, որ ամենակարևորն ակադեմիական միջավայրն է, որը նաև նոր ենթակառուցվածքներ և կրթական հնարավորություններ է ընձեռում: «Ակադեմիական քաղաքը, բացի կրթական միջավայրից, 24/7 ռեժիմով հասանելի կենտրոն է լինելու ոչ միայն գիտնականների և ակադեմիական գործունեություն ծավալող անձանց, այլև, առհասարակ, հասարակության տարբեր շերտերի համար: Ակադեմիական քաղաքում տեղակայվելու են նաև մշակութային, սպորտային հաստատություններ, առևտրի կենտրոն և հանրային նշանակության այլ կառույցներ»,- ասել է Թոբիաս Քեյլը: 

Այս համատեքստում՝ Քեյլը հատուկ անդրադարձ է կատարել Ակադեմիական քաղաքի նախագծին՝ որպես քաղաքային հարմարավետ միջավայր աշխատանքի և ապրելու համար, ինչպես նաև խոսել է կոնկրետ քաղաքաշինական թեմաներից, ինչպիսիք են քաղաքի գլխավոր հատակագիծը և նրա հիմնական առանցքը, քաղաքի տրանսպորտային հասանելիությունը, դրա ազդեցությունը ողջ տարածաշրջանի վրա, հետիոտնային գոտիների նախատեսումը, ընդհանուր հանրային տարածքների, լանդշաֆտի, ջրային ռեսուրսների կառավարումը և քաղաքի գործունեության կայունության ընդհանուր խնդիրները:

Լրագրողների այն հարցին, թե ինչ էական փոփոխություններ են կատարվել հանրության նախկինում ներկայացված նախնական տարբերակում՝ Թոբիաս Քեյլը նշեց, որ հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակում էլ ավելի մեծ ուշադրություն է դարձվել հատակագծի առանձին մանրամասներին՝ թույլ տալով ամբողջացնել պատկերը:

Հատակագծի շնորհանդեսին հաջորդած հարցուպատասխանին Թոբիաս Քեյլը անդրադարձավ Ակադեմիական քաղաք նախագծի կարևոր ժամկետներին՝ նշելով, որ մինչև այս տարեվերջ՝ դեկտեմբերի 25-ը, նախատեսվում է գլխավոր հատակագծի հայեցակարգի հաստատումը, իսկ առաջին շենքերը, ըստ կանխատեսման, շահագործման կհանձնվեն 2029 թ.-ին: Այնուհետև 1,5 միլիոն քառակուսի մետր կառուցապատման տարածք ունեցող քաղաքը կշարունակի աստիճանաբար ընդլայնվել. «Գործընթացը մեկ օրվա մեջ չի կարող իրականացվել, սակայն այն պետք է ունենա իր համապատասխան փուլերը».-նշեց Քեյլը:

Ներկաների այն հարցին, թե ինչպես են կառավարելու քաղաքի կառուցման ընթացքում հնարավոր աղմուկը և անհարմարությունները, Քեյլը նշեց, որ շինարարությունը պլանավորվել է այնպես, որ սկզբում շահագործման հանձնվի միջուկային հատվածը` այնուհետև գծային կերպով տարածվելով կենտրոնից դուրս:

Քեյլը հավելեց նաև, որ շինարարության ընթացքը արագացնելու համար առաջարկվել է հնարավորինս շատ նախապես պատրաստի բաղադիչներ ունենալ՝ կիրառելով ստանդարտաված կառուցվածքի (unitized construction) տեխնոլոգիան: Թոբիասի համոզմամբ՝ դա թույլ կտա հենց իսկզբանե հարմարավետ քաղաքային միջավայր ապահովումը ուսանողների համար:  

Անդրադառնալով Ակադեմիական քաղաք նախագծի ֆինանսավորման հարցին՝ Հայոցյանը նշեց, որ ծրագրի իրականացման համար ֆինանսավորումը նախատեսված է ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով: