ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ԵՄ փորձագիտական խումբը կրկին Երևանում է

09.10.2019
image descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage description

Հոկտեմբերի 7-9-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Եվրոպական հանձնաժողովի գիտության և նորարարությունների գլխավոր տնօրինության կողմից ձևավորված փորձագիտական խումբը, որն աշխատում է ««Հորիզոն 2020» քաղաքականության աջակցության գործիք» ծրագրի շրջանակներում «Հատուկ աջակցություն Հայաստանին» նախագծի իրականացման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ 2018 թ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել էր Եվրամիությանը` Հայաստանի գիտության ոլորտին նվիրված փորձագիտական զեկույց և հատուկ երաշխավորություններ ներկայացնելու համար: Այդ նպատակով ս.թ. մայիսին Հայաստան էր եկել  ԵՄ փորձագետների խումբ, որը հանդիպել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի, Գիտության կոմիտեի պաշտոնատար անձանց, գիտական կազմակերպությունների ու բուհերի ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրները վերհանելու և լուծման ուղիներ առաջարկելու նպատակով:

Ստացված տեղեկատվության և առաջարկությունների հիման վրա փորձագետները մշակել են Հայաստանի գիտության ոլորտին նվիրված փորձագիտական զեկույցի շրջանակներում մշակված հատուկ երաշխավորությունների նախագիծը, որը հայ գիտական հանրությանը ներկայացնելու համար կրկին այցելել են Հայաստան:

Այցի շրջանակներում կազմակերպված մի շարք հանդիպումների ժամանակ քննարկվեց նախագիծը, հնչեցին  դիտողություններն ու առաջարկներ, որոնք հիմնականում վերաբերում էին զեկույցի թիրախային թեմաներին՝ գիտական պետական կազմակերպությունների գործունեության գնահատման մեխանիզմների մշակմանը, ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը և գիտության-կրթության կապի ամրապնդմանն ուղղված քայլերին:

Հոկտեմբերի 7-ին Գիտության կամիտեում կազմակերպվեց ԵՄ փորձագետների հանդիպումը հումանիտար և հասարակագիտական ոլորտներում գործող գիտահետազոտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Հոկտեմբերի 8-ին  ԵՄ փորձագետները  ներկայացրեցին իրենց կողմից մշակված նախնական եզրակացություններն ու երաշխավորությունները, կազմակերպվեցին խմբային քննարկումներ:

Հոկտեմբերի 9-ին ԵՄ փորձագետները եզրափակեցին իրենց Հայաստանյան այցը՝ հանդիպելով Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հետ:

ԵՄ-ի՝ Հայաստանի գիտության ոլորտին նվիրված փորձագիտական զեկույցը նախատեսվում է հրապարակել 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին: