Տեղի ունեցավ լրագրողների վերապատրաստման դասընթաց՝ կրթության ոլորտի բարեփոխումների ավելի արդյունավետ լուսաբանման համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ UNICEF-ի հետ համագործակցությամբ և ԵՄ ֆինանսական աջակցության շրջանակում, դեկտեմբերի 6-ից 8-ը վերապատրաստման դասընթաց կազմակերպեց շուրջ երկու տասնյակ ԶԼՄ ներկայացուցիչների համար։
Վերապատրաստման նպատակներից էր՝ հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում կատարվող մեծածավալ բարեփոխումների վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների արդյունավետ իրազեկումը, ոլորտային մասնագիտական գիտելիքների բարելավումը, որը կնպաստի լրագրողների աշխատանքի արդյունավետությանը և օգտակար կլինի նրանց համար՝ կրթության ոլորտում լուսաբանումներ իրականացնելիս։
Դասընթացի ընթացքում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները լրագրողներին ներկայացրեց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Հայոցյանը ԶԼՄ ներկայացուցիչներին ներկայացրեց ՀՀ Կառավարության՝ գիտության ոլորտում 2021 թվականից որդեգրած քաղաքանությունը և հիմնական ռազմավարական փաստաթղթերը, որոնց շնորհիվ ոլորտի ֆինանսավորումը գրանցել է շուրջ եռակի աճ՝ ՀՆԱ-ի մեջ մասնաբաժինը կազմելով շուրջ 0,38 տոկոս և համադրելի դառնալով Արևելյան Եվրոպայի որոշ երկրների համանման ցուցանիշներին։
Բարեփոխումների արդյունքում հնարավոր է դարձել․
- նորմավորել գիտնականների և գիտաշխատողների աշխատավարձը` ըստ գիտական տարակարգերի ատեստավորված գիտաշխատողների համար ապահովելով կրկնակիից մինչև եռակի բարձր վարձատրություն,
- 60 տոկոսի հասցնել ոլորտին մրցութային հիմունքներով տրամադրվող ֆինանսավորման ծավալը,
- հատկացնել շուրջ 8,6 միլիարդ դրամ` գործող բուհերի և գիտական կազմակերպությունների գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման և ժամանակակից սարքերով ու սարքավորումներով վերազինման նպատակով, ինչպես նաև գերհամակարգչային նոր կենտրոնի հիմնադրման համար։
Հայոցյանը անդրադարձ կատարեց նաև հայաստանյան 60 բուհերի և 44 գիտահետազոտական կազմակերպությունների կառավարման մոդելներին, գիտական և վարչական աշխատողների համամասնությանը, բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների ֆինանսավորմանը և գիտական արդյունքներին։
Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել ոլորտային ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը, ներկայացվել են մի շարք տվյալներ՝ ֆինանսավորման բաշխման և շահառու բուհերի ու կազմակերպությունների ցուցաբերած գիտական արդյունքների վերաբերյալ՝ արձանագրելով, որ գիտության՝ բուհական համակարգից առանձին կազմակերպումը, ըստ էության, առավելություն չի ապահովում՝ միջազգային մասշտաբով մրցունակ արդյունքի տեսանկյունից։
Միաժամանակ, Հայոցյանն անդրադարձ կատարեց ոլորտի ամենաէական խնդիրներին, մասնավորապես՝ գիտության ոլորտում սերնդափոխության իրականացմանը և համակարգում գիտական ներուժի նվազեցման կանխմանը, որոնք թեև կառավարելի են դարձել պետական քաղաքականության արդյունքում, սակայն դեռևս համակարգային լուծումներ են պահանջում։
Ներկայացնելով 2023 թվականի տարեվերջի դրությամբ գիտության մեջ ներգրավված անձանց տարիքային կորը՝ Հայոցյանը շեշտել է, որ պետության վարած քաղաքականության արդյունքում հնարավոր է դարձել ավելացնել գիտնականների առավել արդյունավետ և պրոդուկտիվ՝ 35-39 տարեկանների հատվածը՝ հնարավորինս կանխելով ուղեղների արտահոսքը գիտությունից։
Սակայն այն պայմաններում, երբ ամեն երեք-չորս օրվա ընթացքում կորցնում ենք 65 տարեկանից բարձր մեկ գիտնական, սերդնափոխության և գիտական կադրերի վերարտադրության ավելի գործուն մեխանիզմների հրամայականը ավելի ցայտուն է դառնում.
«Այս առումով, երիտասարդ գիտական կադրերի ձևավորման ամենալավ աղբյուրը բուհն է, և կտրելով գիտական համակարգը բուհականից՝ զրկում ենք գիտնականին իր ուսանողների շարքից առավել խոստումնալից երիտասարդներին լաբորատորիա հրավիրելու և գիտական հետազոտություններում ընդգրկելու հնարավորությունից»,- նշել է Հայոցյանը։
Առանձին անդրադարձ կատարվեց նաև Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի նոր օրենքի նախագծի հիմնական դրույթներին՝ շեշտելով հանրապետությունում մատուցվող բարձրագույն կրթական ծառայությունների որակի բարձրացման հրամայականը։ Այս համատեքստում, խոսվեց բուհերին ներկայացվող լիցենզավորման և հավատագրման նոր պահանջների մասին, որոնք միտված են գործող կրթական ծրագրերի որակի բարելավմանը ու ուսանողի համար լավագույն փորձառության և միջավայրի ստեղծմանը։
Ներկայացնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ընթացող բարեփոխումների տրամաբանությունը՝ Հայոցյանն անդրադարձ կատարեց Ակադեմիական քաղաքին, որպես ՀՀ կառավարության ամենահավակնոտ ծրագրերից մեկը, որը միտված է ոլորտի առաջանցիկ զարգացումն ապահովելուն և առկա խնդիրների համար համակարգային լուծում ապահովելուն։
Ներկայացմանը հաջորդեց հարցուպատասխան, որի ընթացքում լրագրողները հարցեր ուղղեցին Ակադեմիական քաղաքի տեղադիրքի ընտրության և վարչատարածքային պատկանելիության, կառուցման ժամանակահատվածի և նախատեսվող բյուջեի, բուհերի ներկայիս գույքի տնօրինման եղանակների, միջազգային դոնորների ներգրավվման հնարավորության վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձան ոլորտը կարգավորող նոր օրենքի նախագծով սահմանված լիցենզիոն տեղերին, լիցենզավորման պայմաններին և խոշորացման հայեցակարգին վերաբերող որոշ հարցերի։