ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 2045-Ա/2 հրամանով հաստատված «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի կարգի»՝ կազմակերպում է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական պետական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից Կոմիտեի https://orgs.hesc.am/ համակարգով մինչև 2024թ․ հունիսի 14-ը ներառյալ:
Մեկից ավելի hայտերի դեպքում կազմակերպությունը ներկայացնում է hայտերի վարկանիշային ցանկ՝ ըստ կազմակերպության (բուհերի դեպքում՝ ըստ բազային ֆինանսավորման ծրագրի) առաջնահերթությունների։
Կազմակերպության ներկայացուցիչը (գիտական քարտուղար կամ այլ պատասխանատու անձ) մինչև 2024թ․ հունիսի 21-ը ներառյալ մեկ ընդհանուր փաթեթով Կազմակերպության ղեկավարի պաշտոնական գրությամբ, որտեղ նշված է գիտական ստորաբաժանման՝ տվյալ սարքերով և նյութերով վերազինման անհրաժեշտության և կազմակերպության հետագա զարգացման համար դրա կարևորության մասին, Կոմիտե է ներկայացնում կազմակերպության կողմից տրված բոլոր հայտերի ստորագրված և կնքված թղթային տարբերակների փաթեթները՝ առձեռն (ք. Երևան, Օրբելի եղբայրների փողոց 22, 7-րդ հարկ, 708 սենյակ):
Կազմակերպության յուրաքանչյուր գիտական ստորաբաժանման նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքեր/սարքավորումներ ձեռք բերելու նպատակով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կարող է տրամադրել մինչև 20,000.0 հազար (քսան միլիոն) դրամ:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեից՝ զանգահարելով 010-210-140 (*113 կամ, տեխնիկական հարցերով՝ *108):