Տեղի ունեցավ քննարկումների հարթակի երկրորդ հանդիպումը
Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեում տեղի ունեցավ գիտությանը վերաբերող հարցերի քննարկման մշտական հարթակի երկրորդ հանդիպումը ոլորտի ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա գիտնականները կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանին ներկայացրեցին իրենց դիտարկումները ոլորտի խնդիրների վերաբերյալ: Ինչպես նախորդ հանդիպման ժամանակ, այս հանդիպման ընթացքում հնչած հարցերը նույնպես հիմնականում վերաբերում էին կոմիտեի կազմակերպած մրցույթների հայտերի գնահատման չափանիշներին, մասնավորապես` հայտերի փորձաքննության ժամանակ շահերի բախման խնդիրներին, հումանիտար և բնագիտական մասնագիտությունների նկատմամբ մոտեցումներին և այլն: Հնչեցին նաև երիտասարդներին գիտության մեջ պահելու, պետության կողմից գիտական աշխատանքների հրապարակմանն աջակցելու վերաբերյալ հարցեր:
Բարձրացված խնդիրների կապակցությամբ Վարդան Սահակյանը, մանրամասն պարզաբանումներ տալով, ներկայացրեց կոմիտեի դիրքորոշումը:
Հիշեցենք, որ հանդիպումները կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա առաջին ուրբաթ օրը, ժամը 15:00-18:00-ը, Գիտության կոմիտեի նիստերի դահլիճում (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ): Կոմիտեն կոչ է անում շահագրգիռ անձանց ակտիվորեն մասնակցել այդ քննարկումներին` նպաստելով գիտության ոլորտում գործող ծրագրերի բարելավմանն ու նորերի մշակմանը:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին