ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայ-չինական տեխնիկական սեմինար երկրաշարժագիտության ոլորտում

10.03.2021

Մարտի 10-ից 29-ը հայ-չինական «Երկրաշարժի մշտադիտարկում և մոդելավորում» միջազգային լաբորատորիայի  շրջանակներում առաջին անգամ  առցանց ձևաչափով կանցկացվի երկրաշարժագիտության ոլորտում տեխնիկական սեմինարների շարք: Սեմինարի ժամանակ չինացի մասնագետները հայ գործընկերների համար հանդես կգան զեկուցումներով, որոնցում կներկայացվեն երկրաշարժերի կանխատեսման հնարավորություններն ու օրինակները, սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման նոր մոտեցումները, հայ-չինական համագործակցության շրջանակներում Հայաստանում կառուցվելիք համալիր սեյսմաերկրադինամիկական համալիր կայանների կառուցման հնարավորությունները, երկրադինամիկական հետազոտություններ և այլն:

Հայ-չինական «Երկրաշարժի մշտադիտարկում և մոդելավորում» միջազգային լաբորատորիան գործում է ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի և Չինաստանի երկրաֆիզիկայի ինստիտուտի համագործակցությամբ, 2019 թ. հուլիսի 5-ին ՀՀ գիտության կոմիտեի և ՉԺՀ Չինաստանի երկրաշարժերի վարչության միջև կնքված  «Երկրաշարժերի հետազոտությունների ոլորտում համագործակցության մասին» հուշագրի շրջանակներում: Հուշագրի նպատակն է երկրաշարժերի ուսումնասիրության ոլորտում հայ-չինական համագործակցության խթանումն ու համատեղ հետազոտությունների իրականացումը: Համագործակցության շրջանակներում  նախատեսվում է նաև սեյսմիկ անվտանգության խնդիրներ ուսումնասիրող միջազգային գիտական ցանցին միացում և Հայաստանի տարածքում սեյսմոլոգիական կայանների ստեղծում: