Նոր մրցույթ՝ «Արհեստական բանականություն և տվյալագիտություն», «Քվանտային տեխնոլոգիաներ», «Ռոբոտատեխնիկա»
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն առաջին անգամ կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Արհեստական բանականություն և տվյալագիտություն», «Քվանտային տեխնոլոգիաներ», «Ռոբոտատեխնիկա» մասնագիտություններով գիտական թեմաների հայտերի մրցույթ: Մրցույթի արդյունքում 36 ամիս տևողությամբ դրամաշնորհներ կտրամադրվեն 3-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված թեմաների իրականացման համար:
Ի տարբերություն կոմիտեի կողմից նախկինում հայտարարված մրցույթների՝ այս դեպքում բարձր են և՛ աշխատանքի վարձատրության չափը, և՛ մասնակիցներին ներկայացվող պահանջները: Այսպես. խմբի անդամների աշխատանքի ամսական վարձատրության միջին հաշվարկային չափը սահմանվել է մինչև 250 000 ՀՀ դրամ, խմբի ղեկավարը, վերջին 5 տարիների ընթացքում, տվյալ ուղղությամբ պետք է ունենա առնվազն մեկ գիտական հոդված ազդեցության գործակից ունեցող (ըստ «Institute for Scientific Information (ISI JCR)»-ի տվյալների) ամսագրում կամ երկու գիտական հրապարակում «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված ամսագրերում, խումբը պետք է ունենա տվյալ մասնագիտությունով օտարերկրյա գիտական կազմակերպությունում աշխատող գիտական խորհրդատու, որի Հիրշի ինդեքսը (h-index) պետք է լինի առնվազն 20՝ ըստ «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանի տվյալների։
Նոր մրցույթի պայմաններով՝ խմբի անդամներից (ներառյալ ղեկավարը) առնվազն երկուսը պետք է լինեն մինչև 35 տարեկան: Թեմայի իրականացման 3 տարիների ընթացքում խմբի երիտասարդ անդամները առնվազն 15 օր պետք է գտնվեն խմբի խորհրդատուի գիտական կազմակերպությունում, առնվազն 15 օր էլ խորհրդատուն պետք է գտնվի Հայաստանի Հանրապետությունում:
Թեմայի ավարտից հետո խմբի անդամները տվյալ ծրագրի շրջանակներում պետք է ունենան առնվազն երկու գիտական հոդված «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման առաջին կամ երկրորդ (Q1, Q2 quartile) քառորդում ընդգրկված ամսագրերում («Արհեստական բանականություն և տվյալագիտություն» մասնագիտության դեպքում հոդվածներից մեկի փոխարեն կարող է լինել հրավերի պայմաններին համապատասխանող գիտաժողովի նյութ):
Մրցույթի հայտարարությունը և հրավերի փաթեթը ներկայացված են հետևյալ հղումով՝ http://scs.am/am/09-06-2020: