ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գիտության կոմիտեում գերմանացի գործընկերների հետ քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

11.07.2023
image descriptionimage descriptionimage descriptionimage description

Հուլիսի 10-ին ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը Կոմիտեում ընդունեց Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության և Գերմանիայի հետազոտական հիմնադրամի ներկայացուցիչներին։ 

Հանդիպման ընթացքում ՀՀ գիտության կոմիտեի նախագահը գործընկերներին ներկայացրեց այն բարեփոխումները, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է գիտության ոլորտում, մասնավորապես՝ գիտության ֆինանսավորման աճը, միջազգային մրցույթների կազմակերպումը և այլն։ 

Նա նշեց նաև այն մարտահրավերները, որոնք առկա են Հայաստանյան գիտական ոլորտում՝ ենթակառուցվածքների խոշորացման խնդիրները, գիտական աշխատողների ծերացող համակազմը, երիտասարդ հետազոտողների պակասը և այլն՝ ընդգծելով, որ Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում այդ մարտահրավերները հաղթահարելու համար։

Սարգիս Հայոցյանը գերմանացի գործընկերներին մանրամասներ ներկայացրեց նաև նոր ստեղծվող Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կառուցվածքի ու գործառույթների, ինչպես նաև «Ակադեմիական քաղաք» նախագծի վերաբերյալ։ 

Կողմերը մտքեր փոխանակեցին գիտահետազոտական, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում հայ-գերմանական հետագա համագործակցությանը և դրա ընդլայնմանը վերաբերող հարցերի շուրջ։

Գերմանական կողմը հայտնեց իր պատրաստակամությունը աջակցելու հայ-գերմանական համագործակցության համատեքստի ընդլայնմանը և Ակադեմիական քաղաքի կայացմանը աշխատանքային կարգով խնդիրների քննարկումից և հստակեցումից հետո:

Հանդիպման ավարտին ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Յենս Բրանդենբուրգը ստորագրեցին Հայ-գերմանական համատեղ թեմաների աջակցության միջազգային մրցույթի արդյունքների արձանագրությունը։

Հավելենք՝ Գերմանիայի՝ Հայաստան ժամանած պատվիրակության կազմում էին Կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Յենս Բրանդենբուրգը, Գերմանիայի հետազոտական հիմնադրամի (Deutsche Forschungsgemeinschaft) գլխավոր քարտուղար Հայդե Արենսը, նշյալ ընկերության Արտաքին կապերի վարչության պետ Յորգ Շնայդերը, Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության աշխատակից Օլիվեր Փիփերը և Ավիացիայի և տիեզերագնացության գերմանական կենտրոնի (Deutsches Zentrum für Luft- und Raumfahrt) ծրագրի ղեկավար Սասկիա Գալիասը։

Գերմանիայից ժամանած պատվիրակությանը ընդունէլ էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Հանդիպման մանրամասները՝ https://escs.am/am/news/17366