ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Փետրվարի 11-ը Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրն է

11.02.2020

2016 թվականից Միացյալ ազգերի կազմակերպությունը նշում է փետրվարի 11-ը՝ որպես  Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օր (International Day of Women and Girls in Science): Նման տոն սահմանելու որոշում ՄԱԿ-ն ընդունել է 2015 թ. դեկտեմբերին՝ նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը հրավիրել գիտության ոլորտում կանանց ներուժի օգտագործման կարևորության, գիտությամբ զբաղվելու համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման անհրաժեշտության վրա: ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում գիտահետազոտական աշխատանքով զբաղվողների մեջ կանանց մասնաբաժինը 30 տոկոսից պակաս է, ինչը շատ երկրներում գենդերային խտրականության, կանանց և աղջիկների՝ կրթություն ստանալու և գիտությամբ զբաղվելու հնարավորություն չունենալու հետևանք է:

Հայաստանում այդ առումով պատկերը համեմատաբար ավելի լավ է. 2019 թ. հունվարի տվյալներով՝ Հայաստանի գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների ընդհանուր քանակի ավելի քան 52 տոկոսը կանայք են: Հայաստանում կանայք զբաղեցնում են գիտության ոլորտի ղեկավար պաշտոնների (լաբորատորիայի վարիչ, ամբիոնի վարիչ և այլն) շուրջ մեկ քառորդը: Գիտության կոմիտեն առաջիկա ծրագրերում նախատեսում է գիտության ոլորտում կին ղեկավարների հզորացմանը միտված միջոցառումներ, որոնց արդյունքում  այդ համակազմի առկա բաշխվածությունը ևս կտեղափոխվի հավասարության կողմ:

ՀՀ գիտության կոմիտեն շնորհավորում է գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող բոլոր կանանց և աղջիկներին տոնի կապակցությամբ և  մաղթում մասնագիտական հաջողություններ, վառ գաղափարներ և նորանոր բացահայտումներ:

 

ՀՀ գիտության կոմիտե