ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

11.03.2024

Հայտնում ենք, որ մամուլում տեղ գտած հրապարակումները, որոնցում իբրև ներկայացվում է ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների «5 ուղղությունների ամբողջական ցանկը, որի շրջանակներում իրականացվելու է բուհերի օպտիմալացման և կամ խոշորացման ծրագիրը», հանդիսանում են համատեքստից կտրված և խեղաթյուրված: 

2023 թվականի հուլիս ամսին ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրավերով ՀՀ գործող բուհերին և պետական գիտական կազմակերպություններին առաջարկվել էր քննարկել և մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը ներկայացնել հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ: Հրավերով ներկայացվել էին նաև այն 6 ուղղությունները, որոնց շուրջ նախատեսվում է կազմակերպել խոշորացման գործընթացը: 

Ժամկետի ավարտին ստացվել են համապատասխան առաջարկություններ, որոնց հիման վրա նախապես հայտարարված 6 ուղղություններով ձևավորվել են աշխատանքային խմբերի նախնական կազմերը:

Շահառու կազմակերպությունները, ինչպես նաև ոլորտում գործունեություն ծավալող այլ կազմակերպություններ, նախապես առաջադրել են ներկայացուցիչներ, որոնց մասնակցությամբ աշխատանքային խմբերի ձևաչափով առաջիկայում քննարկվելու են խոշորացման գործընթացին, ինչպես նաև կլաստերների կառուցվածքին և կառավարման մոդելին վերաբերող հարցեր:

Ս.թ. մարտի 7-ին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի կողմից շահառու բուհերին և կազմակերպություններին ուղարկվել է ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ձևավորվող վերոնշյալ աշխատանքային խմբերի կազմը: Բուհերը և կազմակերպությունները տեղեկացվել են նաև, որ աշխատանքային խմբերի կազմերի վերաբերյալ հնարավոր բոլոր դիտարկումները ենթակա են քննարկման աշխատանքային խմբերի առաջիկա հանդիպման ժամանակ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ կլաստերների կառուցվածքը մշակվելու է աշխատանքային խմբերի առաջիկա աշխատանքների ընթացքում, որոնց ժամանակ քննարկվելու և դիտարկվելու են նաև աշխատանքային խմբերի ցանկերում ներառված բոլոր բուհերի և կազմակերպությունների առաջարկները, մտահոգությունները և դիտողությունները:

Հարկ է նշել նաև, որ Ակադեմիական քաղաքի հայեցակարգով նախատեսվում է ոչ թե 5, այլ 6 կլաստեր, որոնցից մեկի՝ սպայական կլաստերի կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ քննարկումները հանրային ձևաչափով չեն նախատեսվում՝ հաշվի առնելով ոլորտին առնչվող առանձնահատկությունները: