Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
«Գիտուժ» նախաձեռնությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ հոկտեմբերի 1-6-ը իրականացնելու է «Գիտության շաբաթ» նախագիծը, որը միտված է գիտության հանրահռչակման ազգային հարթակի ստեղծմանը։
Միջոցառման համար ֆինանսական միջոցներ է տրամադրել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ՀՀ 2024թ․ պետական բյուջեի «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի» «Գիտության մասսայականացման աջակցություն» ծախսային ուղղությամբ։
Գիտության շաբաթն անցկացվելու է Երևանում և բոլոր մարզերում։ Այն հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է համազգային մակարդակով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել վերջիններիս անփոխարինելի դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել հրապուրիչ երիտասարդների համար, ինչպես նաև խթանել քննադատական մտքի և գիտելիքահենք դիսկուրսի զարգացումը:
Հայաստանում առաջին Գիտության շաբաթը խորհրդանշելու է գիտության և հասարակության միջև կապը՝ առաջնորդվելով «Մոտեցնել գիտությունը հասարակությանը» կարգախոսով:
Ապակենտրոնացված միջոցառումներ կանցկացվեն մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում, իսկ Երևանի Ազատության հրապարակում բոլոր 6 օրերի ընթացքում տեղի կունենա Գիտության փառատոն։
Փառատոնը բաժանված է լինելու 3 թեմատիկ մասերի.
1. Գիտությունն ամենուրեք է (հոկտեմբերի 1-2),
2. Մասնագիտական կողմնորոշում (հոկտեմբերի 3-4),
3. Գիտական ֆանտաստիկա (հոկտեմբերի 5-6)։