Քննարկվեց գիտական կադրերի ատեստավորման կարգը





Oգոստոսի 11-ին ՀՀ Գիտության կոմիտեում տեղի ունեցավ «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հանրային լսում:
Քննարկման մասնակիցներին ներկայացնելով նախագիծը՝ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշեց, որ նախագիծը հանրային քննարկման է դրվել երկրորդ անգամ և մշակվել է՝ հաշվի առնելով առաջին քննարկման ժամանակ ստացված առաջարկություններն ու «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում ս.թ. մայիսին կատարված լրացումներն ու փոփոխությունները:
Կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը նշեց, որ նախագծով սահմանվում են ատեստավորման արդյունքում տվյալ տարակարգը հայցող գիտական աշխատողներին ներկայացվող քանակական և որակական նվազագույն պահանջները: Ներդրված նոր մոտեցման համաձայն՝ յուրաքանչյուր կազմակերպություն կարող է սահմանել նաև լրացուցիչ չափանիշներ: Հավելյալ չափանիշները հաստատվում են կազմակեպության ղեկավարի կողմից՝ գիտական խորհրդի առաջարկությամբ:
Նոր նախագծի համաձայն՝ ատեստավորումն իրականացնող հանձնաժողովն ատեստավորվողին տալիս է «Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին», «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին», «Համապատասխանում է իր զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնին» գնահատականներից մեկը:
Հանրային լսման ժամանակ երկար քննարկումներ ծավալվեցին գիտական աշխատողի տարակարգերի համար պահանջվող՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրատարակված գիտական աշխատությունների քանակի հետ կապված:
Կոմիտեի ներկայացուցիչները նշեցին, որ նման քանակական ու որակական չափանիշները սահմանվել են՝ հաշվի առնելով վերջին տարիներին հայ գիտնականների հրապարակումները, ոլորտում կատարված փոփոխություններն ու այլ երկրների փորձը, և որ դրույթը պարտադիր է միջազգային գիտական համագործակցության խթանման և աշխարհի մակարդակով մրցունակ գիտական արտադրանք տալու համար: Նշվեց, որ նոր կարգով առաջին անգամ համապետական ատեստավորում կանցկացվի 2026 թվականին, և գիտաշխատողները ժամանակ ունեն՝ պահանջվող թվով հրապարակումների ուղղությամբ աշխատելու համար: