Մեկնարկել է միջազգային մրցույթի հայտերի ընդունումը՝ Հայաստան-Վրաստան համագործակցության շրջանակում
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի հետ համատեղ անցկացնում է գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ - ՎԳԱՀ - 2025» միջազգային մրցույթ։
Միջազգային մրցույթն անցկացվում է՝ համաձայն Կոմիտեի և Հիմնադրամի միջև 2023թ․ հունիսի 7-ին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» համագործակցության ծրագրի դրույթների:
Մրցույթն ուղղված է գիտական հետազոտությունների զարգացմանը և միջազգային համագործակցության խթանմանը հետևյալ բնագավառներում՝
- «Բնական գիտություններ»,
- «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա»,
- «Բժշկական գիտություններ»,
- «Գյուղատնտեսական գիտություններ»,
- «Հասարակական և հումանիտար գիտություններ» (մասնավորապես՝ հայագիտություն և վրացագիտություն)։
Մրցույթին մասնակցության հայտերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի գիտնականներից կազմված գիտահետազոտական խմբերը:
Երկու կողմերի հայտատուները միմյանց հետ համաձայնեցնում են ներկայացվող նախագծի բովանդակությունը, որը կարող է տարբեր լինել՝ կախված կողմերի առջև դրված խնդիրներից, սակայն ներկայացված նախագծի վերնագրերը պետք է համընկնեն: Վերջնական ձևավորված և համաձայնեցված հայտը հայաստանյան կողմը ներկայացնում է Կոմիտե, իսկ վրաստանյան կողմը՝ Հիմնադրամ:
Անհրաժեշտ է, որ հայտը ներառի հավակնոտ, մրցունակ, հեռանկարային, խոստումնալից և իրագործելի գիտական նախագիծ, որի իրականացման տևողությունը 24 ամիս է։
Մրցույթին մասնակցության համար վրաստանյան կողմին ներկայացվող պահանջներին կարելի է ծանոթանալ https://rustaveli.org.ge/eng կայքէջում:
ՀՀ խմբի ղեկավար կարող են լինել 1954թ․ հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճան ունեցող անձինք։ Խմբի անդամներից առնվազն երկուսը պետք է ծնված լինեն 1989թ․ հունվարի 1-ից հետո և կարող են լինել բակալավրիատի առնվազն երրորդ կուրսի ուսանողներ: Նրանք նախագծի իրականացման ընթացքում պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացիներ կամ ռեզիդենտներ, ինչպես նաև բնակվեն Հայաստանի Հանրապետությունում:
Նախագծի ավարտին հայաստանյան խմբի անդամները պետք է ունենան առնվազն 1 ՄԳՇ հրապարակում` վրաստանյան կողմի խմբի անդամի կամ անդամների հետ համահեղինակությամբ։
Մրցույթի արդյունքում ընտրված նախագծերի ֆինանսավորման մեկնարկը նախատեսվում է 2025թ․ հունվարից։
Մրցույթին հայտ ներկայացնելու վերջնաժամկետը 2024թ․ հոկտեմբերի 15-ն է։
Հայտը լրացնում և ներկայացնում է խմբի ղեկավարը Կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (https://grants.hesc.am)։
Պահանջվող փաստաթղթերը Կոմիտե է ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին, ժամը 09:00-13:00 և 14:00-18:00 (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 806 սենյակ) մինչև 2024թ․ հոկտեմբերի 22-ը ներառյալ:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեից (հեռախոս՝ (010) 210140 (ներքին 115), էլեկտրոնային փոստի հասցե՝ scexpert@hesc.am):