ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Առաջատար հետազոտությունների աջակցության մրցույթի արդյունքները հայտնի են

11.10.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հոկտեմբերի 11-ի 1690-Ա/2 հրամանով հաստատվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում  Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:

 

Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթը կազմակերպվում է առաջին անգամ և աննախադեպ է տրամադրվող գումարի, թեմայի տևողության և խմբերում ներգրավված գիտաշխատողների առումով: Մրցույթի արդյունքում ս.թ. հոկտեմբերից սկսած մինչև 5 տարի տևողությամբ դրամաշնորհներ կտրամադրվեն ՀՀ-ում գործող առաջատար գիտաշխատողների ղեկավարությամբ ձևավորված 6-7 անձից բաղկացած 49 գիտահետազոտական խմբերի:

Այլ մրցույթների համեմատ՝ այս մրցույթի նպատակը ոչ միայն բեկումնային գիտական ուղղություններով հետազոտությունների իրականացումն է, այլ նաև գիտական ուղղության, դպրոցի պահպանումն ու զարգացումը և առաջատար գիտնականների կողմից փորձի փոխանակման համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Այդ նկատառումով էլ այս մրցույթի դեպքում խմբերի ղեկավարների համար առավելագույն տարիքային շեմ չի սահմանվել իսկ խմբերի անդամներից առնվազն երկուսը 35 և ցածր տարիքի են: Բացի այդ, խմբերին ընձեռնված է հնարավորություն` թեմայի մեկնարկից 12 ամիս անց խումբը ևս երկու երիտասարդ մասնակցով (մագիստրանտներ) համալրելու: Վերջիններիս վարձատրելու համար Գիտության կոմիտեն կհատկացնի լրացուցիչ միջոցներ:

Կարևորվել է նաև միջազգային գիտական կապերի խորացման գործոնը: Խումբը պետք է ունենա օտարերկրյա գործընկեր, որը թեմայի իրականացման ժամանակահատվածում պետք է առնվազն 30 օր գտնվի ՀՀ-ում և նույնքան ժամանակ էլ իր ներկայացրած գիտական կազմակերպությունում ընդունի խմբի ներկայացուցիչներին: Խմբերի առջև դրված պարտադիր պահանջներից են թեմայի իրականացման ընթացքում միջազգային հեղինակավոր ամսագրերում հրապարակումներն ու միջազգային հետազոտական դրամաշնորհների ներգրավումը  (յուրաքանչյուր շնորհառուից ակնկալվում է 30 մլն ՀՀ դրամը գերազանցող միջազգային գիտական դրամաշնորհի առնվազն մեկ դիմում), թեմային առնչվող գիտահանրամատչելի նյութերի ստեղծումն ու տարածումը:

Նախագծի իրականացման ընթացքում կատարվելու է առաջընթացի տարեկան գնահատում, իսկ մեկնարկից երեք տարի անց՝ խմբի եռամյա գործունեության միջանկյալ գնահատում, որից հետո կորոշվի թեմայի ֆինանսավորումը հաջորդող երկու տարիներում շարունակելու նպատակահարմարությունը:

Այսպիսով՝ մրցույթի իրականացումը հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել առաջատար գիտնականների մասնագիտական ներուժը, կստեղծի նպաստավոր պայմաններ երիտասարդ գիտնականների մասնագիտական աճի համար, ինչպես նաև հնարավորություն կտա ներգրավել նոր միջազգային դրամաշնորհներ։