Կոմիտեում քննարկվեցին 2020-2024 թվականների գերակայությունները
Դեկտեմբերի 10-ին ՀՀ գիտության կոմիտեում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024 թվականների գերակայությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում:
Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը հանդիպման մասնակիցներին ընդհանուր գծերով ներկայացրեց նախագիծը, անդրադարձավ նախորդ հնգամյակների՝ 2010-14 և 2015-19 թթ. համար մշակված գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների ծրագրերի հետ հիմնական տարբերություններին, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում կատարված փոփոխություններին: Վ. Սահակյանն անդրադարձավ նաև նախագծի վերաբերյալ մինչ այդ ստացված առաջարկներին, որոնց մի մասն ընդունվել է:
Քննարկման ժամանակ հնչեցին նախագծի և ընդհանրապես գիտության ոլորտի վերաբերյալ բազմաթիվ կարծիքներ, առաջարկություններ և դիտողություններ, որոնց մի մասը ներկայացվեց գրավոր: Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգի համաձայն՝ ստացված առաջարկություններն ու դիտողությունները կվերլուծվեն և կամփոփվեն ՀՀ գիտության կոմիտեում, և դրանց հիման վրա կկատարվեն նախագծի անհրաժեշտ լրամշակումներ, որից հետո ՀՀ կառավարություն կներկայացվի նախագծի լրամշակված տարբերակը:
Հիշեցնենք, որ նախագծի վերաբերյալ Ձեր առաջարկությունները կարող եք ներկայացնել մինչև ս.թ. դեկտեմբերի 11-ը ներառյալ` Գիտության կոմիտեի կայքի «Հանրային քննարկումներ» բաժնում կամ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով https://www.e-draft.am/projects/2141, կամ ուղարկել Գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@scs.am):