ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄԳՏԿ կառավարման խորհրդի 54-րդ նստաշրջանը Մոսկվայում (2011 թ., դեկտեմբերի 7-9)

12.12.2011

Դեկտեմբերի 7-9-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս.  Հարությունյանը Մոսկվայում մասնակցեց Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) կառավարման խորհրդի 54-րդ նստաշրջանի աշխատանքներին:

 

Օրակարգային հիմնական հարցերից էին  ՄԳՏԿ-ի գործունեության վերլուծությունը ԱՊՀ երկրներում եւ Վրաստանում, Ռուսաստանի Դաշնության ՄԳՏԿ անդամությունը դադարեցնելու հիմքերը, պատճառները եւ հետագա ծրագրերը, ՄԳՏԿ-ի վերակազմավորման խնդիրները, կազմակերպության 2012 թվականի բյուջեն, գիտատեխնիկական համագործակցության ՄԳՏԿ նոր ծրագրերի փորձաքննությունը եւ հաստատված ծրագրերի ներկայացումը:

 

2011 թվականի ընթացում ՄԳՏԿ կողմից երաշխավորված ծրագրերից առավել շատ են Հայաստանից ներկայացված ծրագրերը (8 ծրագիր), որոնցից 3-ը ստացել են «բարձր երաշխավորված» կարգավիճակ: Հայաստանից 2011 թվականի ընթացքում ֆինանսավորվել է 1 կանոնավոր ծրագիր:

 

Նստաշրջանի ընթացքում հանդես եկած իր ելույթում ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահը նշեց, որ բարձր է գնահատում Հայաստանի անդամակցությունը ՄԳՏԿ-ին, ինչպես նաեւ՝ անդրադարձավ համագործակցության 16 տարիների ընթացում ձեռք բերված հաջողություններին եւ ապագա ծրագրերին:

 

Նստաշրջանի ընթացում որոշում  ընդունվեց նաեւ ՄԳՏԿ կառավարիչների խորհրդում ռոտացիոն կարգով զբաղեցվող տեղը 2012 թվականի հունվարի 1-ից հատկացնել Հայաստանի Հանրապետությանը:

 

Որոշում ընդունվեց նաեւ ՄԳՏԿ կառավարման խորհրդի հերթական նստաշրջանն անցկացնել 2012 թ. հունիսի 26-ին Մոսկվայում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ 2012 թվականի սեպտեմբերին Հայաստանում անցկացնել ինովացիոն ոլորտին ուղղված ՄԳՏԿ կարեւորագույն միջոցառումներից մեկը: