Հանդիպում Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող GeoTAK ծրագրի համակարգողների հետ
Հունվարի 12-ին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի ունեցավ հանդիպում Էրազմուս+ «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» գործողության շրջանակներում իրականացվող GeoTAK նախագծի հայաստանյան երեք գործընկեր բուհերի և միջազգային գործընկեր բուհերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։
Հանդիպման ընթացքում ամփոփվեցին Էրազմուս+ «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում և հետազոտական ցանցերի ամրապնդում (GeoTAK)» ծրագրի արդյունքները, որին հայաստանյան կողմից անդամակցել են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի և Սլովենիայի գործընկեր բուհերի հետ համագործակցության արդյունքում մշակելով համատեղ պիլոտային հետբուհական ծրագիր աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։
Էրազմուս+ ազգային գրասենյակի և բուհերի ներկայացուցիչների հետ քննարկվեցին ծրագրի հիմնական վերջնարդյունքները, դրանց իրագործման հետ կապված ընթացիկ խնդիրները և ծրագրի շարունակականության ապահովման հնարավորության հարցը, ինչպես նաև անդրադարձ կատարվեց Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող այլ նախաձեռնությունների։
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակական դարձնել հանդիպումները՝ ծրագրի ներդրման հետագա ընթացքի ապահովման նպատակով: