ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կյանքից հեռացել է ակադեմիկոս Ադոլֆ Մանթաշյանը

12.04.2021

Խոր վշտով հայտնում ենք, որ ապրիլի 9-ին կյանքից հեռացել է  ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ադոլֆ Հայրապետի Մանթաշյանը:

Ակադեմիկոս Մանթաշյանի գիտական աշխատանքները նվիրված են շղթայական ռեակցիաների, մասնավորապես ածխաջրածինների օքսիդացման մեխանիզմներին, լուսաքիմիական և լազերաքիմիական շարժընթացներին։ Համաշխարհային քիմիայի պատմության մեջ նա իր հաստատուն տեղն ունի մի շարք հայտնագործություններով, հետազոտությունների նոր ուղղությունների ու նոր մեխանիզմների առաջարկներով:

Ադոլֆ Մանթաշյանի գործունեությունը սերտորեն կապված է ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հետ: Իր գիտական ղեկավար Արամ Նալբանդյանի հետ համատեղ 1962 թ. մասնակցել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի լաբորատորիայի հիմնադրմանը, որը 1975 թ. վերակազմավորվել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի:  Մանթաշյանը հսկայական ներդրում է ունեցել լաբորատորիայի և ինստիտուտի կայացման գործում՝ 1962 թվականից  զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ լաբորատորիայի գիտնական-քարտուղարից մինչև ինստիտուտի տնօրեն: 1973 թվականից մինչև իր կյանքի վերջ Մանթաշյանը եղել է ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ածխաջրածինների օքսիդացման լաբորատորիայի վարիչ: 

Ադոլֆ Մանթաշյանը ոչ միայն համաշխարհային  ճանաչում ունեցող քիմիկոս էր, այլև գիտության հմուտ կազմակերպիչ. տարբեր տարիների նա եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, երկար տարիներ հանդիսացել է Հայաստանի քիմիական հանդեսի գլխավոր խմբագիրը, ինչպես նաև՝ տարբեր միջազգային հեղինակավոր գիտական պարբերականների խմբագրության անդամ: Վաստակաշատ գիտնականը նաև ակտիվորեն զբաղվել է մանկավարժական գործունեությամբ. 1963-1976 թթ. դասավանդել է ԵՊՀ տեսական քիմիայի ամբիոնում: 1981-1996 թթ. հասարակական հիմունքներով ղեկավարել է ՀՊՃՀ ընդհանուր և անօրգանական քիմիայի ամբիոնը, իսկ 1991-2006 թթ.՝ ՀՊՃՀ-ի և ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի համատեղ քիմիական թեքումով գիտաուսումնական բազան:

ՀՀ գիտության կոմիտեն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում կյանքից հեռացած Ադոլֆ Մանթաշյանի ընտանիքին, մտերիմներին և գործընկերներին:

 ՀՀ գիտության կոմիտե