«Մարի Սկլոդովսկա-Կյուրի» ծրագրի հետդոկտորական կրթաթոշակների 2023 թ․ մրցույթի հայտերն ընդունվում են
ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ (MSCA) ենթածրագիրը Հետդոկտորական կրթաթոշակներ (MSCA PF) մրցույթի շրջանակներում առաջարկում է 2 կամ 3-ամյա կրթաթոշակների տեսքով ֆինանսավորում տրամադրել հետդոկտորական գիտնականներին:
MSCA PF մրցույթը ուղղված է հետդոկտորական փուլում նպաստելու առաջատար գիտնականների կարիերայի զարգացմանը և համընդհանուր աջակցություն է տրամադրում վերջիններիս գիտական և մասնագիտական աճին ու զարգացմանը:
Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհից գիտնականներ դիմում են MSCA PF մրցույթին՝ տարեցտարի դարձնելով այն առավել մրցակցային, ինչի արդյունքում ֆինանսավորման են երաշխավորվում միայն գերազանց նախագծերը:
MSCA PF 2023 թվականի մրցույթը մեկնարկել է 2023 թվականի ապրիլի 12-ին և որպես վերջնաժամկետ սահմանվել է 2023 թվականի սեպտեմբերի 13-ը։
Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է 260,47 միլիոն եվրո հատկացնել այս տարվա մրցույթի իրականացման համար՝ առաջադեմ ուսուցման և միջազգային, միջառարկայական ու միջոլորտային շարժունության միջոցով խթանելով թեկնածուական թեզը պաշտպանած և նոր հմտություններ ձեռք բերելու ցանկություն ունեցող գիտնականների ստեղծագործական ու նորարարական ներուժը։
Մրցույթին դիմելու համար հայտատուները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին.
- մինչև մրցույթի վերջնաժամկետի լրանալը ունենալ PhD աստիճան;
- PhD աստիճանը ստանալու օրվանից մինչև մրցույթի վերջնաժամկետը ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի 8 տարին (նախատեսված են բացառություններ՝ կարիերայի ընդմիջումներ, ծննդաբերության արձակուրդներ և այլն);
- Մրցույթի վերջնաժամկետին նախորդող վերջին 3 տարիներին հայտատուն չպետք է 12 ամսից ավելի ժամանակահատված անցկացրած լինի հյուրընկալող կազմակերպության երկրում (կարճաժամկետ այցերը, օրինակ՝ ընտանեկան այցելությունները հաշվի չեն առնվում):
MSCA PF մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնին (էլ. փոստ՝ info@sipac.am):