Հայաստանի Հանրապետությունը միացավ «Հորիզոն-Եվրոպա» ծրագրին
Նոյեմբերի 12-ին Բրյուսելում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը: Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը դառնում է Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին լիիրավ ասոցացված պետություն, և Հայաստանի գիտնականները կարող են օգտվել Եվրոպական միության ամենամեծ՝ 95,5 մլրդ եվրո ֆինանսավորում ունեցող գիտական համագործակցության ծրագրի ընձեռած հնարավորություններից:
Համաձայնագիրը ՀՀ կողմից ստորագրել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար և Բելգիայի Թագավորությունում արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը, ԵՄ կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Հետազոտությունների և նորարարության գլխավոր տնօրենի տեղակալ Սիգնե Ռացոն: Համաձայնագրի ստորագրմանը նվիրված հանդիպմանը առցանց մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Հանդիպմանը ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ «Հորիզոն-Եվրոպա» ծրագրին մասնակցությունը Հայաստանի ազգային գիտահետազոտական համակարգի զարգացման համար կարևոր քայլ է, նոր գիտելիքների ու փորձի ձեռքբերման հնարավորություն: «Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է միջոցառումներ, որոնք կնպաստեն ծրագրին Հայաստանի գիտական հանրույթի մասնակցության ընդլայնմանը: Մենք լիահույս ենք, որ ծրագրի շնորհիվ հայաստանյան գիտական խմբերն ավելի մեծ ներդրում կունենան ժամանակակից գլոբալ մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտական աշխատանքներում»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:
«Հորիզոն Եվրոպա» ծրագիրը նախատեսված է 2021-27 թվականների համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս հայ գիտնականներին ինտեգրվել Եվրոպական գիտական տարածքում, օգտվել ԵՄ երկրների գիտական ենթակառուցվածքներից և մասնակից դառնալ համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններին: «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը փոխարինելու է «Հորիզոն 2020» ծրագրին, որին Հայաստանը հաջողությամբ մասնակցել է 2016-2020 թթ.։ «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում հայաստանյան գիտական խմբերի մասնակցությամբ ներկայացվել են 312 հայտեր, որոնցից վավեր են ճանաչվել 271-ը և ֆինանսավորման են երաշխավորվել 35-ը: Ասոցացված երկրների շարքում Հայաստանի Հանրապետության մասնակցության հաջողության գործակիցը 11,81 տոկոս է:
«Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրին, ինչպես նաև միջազգային այլ ծրագրերին ՀՀ գիտնականների մասնակցությունը խթանելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ այս տարվա օգոստոսին վերաբացվել է Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոնը, որը հայտարարված մրցույթների մասին տեղեկատվությունը տարածում է գիտական շրջանակներում, հայտատուներին և ծրագրի հնարավոր շահառուներին մատուցում է խորհրդատվական ծառայություններ, ինչպես նաև համակարգում է ծրագրի թեմատիկ ուղղություններով նշանակված ազգային կոնտակտային անձանց աշխատանքները: