Հաստատվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին 2023-24 ուստարվա ուսման վարձի փոխհատուցման համար կրթաթոշակի տրամադրման կարգը և չափերը
Կառավարությունը հաստատել է 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների՝ 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի կամ կրթական աստիճանի:
Նախատեսվում է 2023 թվականին բուհական համակարգում ներառել շուրջ 2 116 ուսանողի։ Ներկայումս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շրջաբերականով ՀՀ պետական բուհերին տրվել է ուղղորդում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին ներգրավելու դասապրոցեսի մեջ՝ ըստ ուսանողների ներկայացրած և տվյալ պահին հասանելի տեղեկատվության:
Կարգավորումների համաձայն՝ ուսանողներին տրամադրվելու է կրթաթոշակ, որը, համաձայն ուսանողի և ուսումնական հաստատության միջև կնքվող պայմանագրի, փոխանցվելու է ՈՒՀ-ին՝ 2023-2024 ուստարվա ուսման վճարը հոգալու նպատակով:
Որոշմամբ նախատեսվում է նաև, ելնելով իրադրության առանձնահատկությունից, սահմանվող դեպքերում չկիրառել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի ուսանողների տեղափոխության որոշ դրույթներ, որոնք նախատեսված են այն դեպքերի համար, երբ առկա է ուսանողի տեղափոխության համար ամբողջ անհրաժեշտ փաստաթղթավորումը: Կիրառելի չեն նաև առաջին և վերջին կուրսերից տեղափոխության արգելքները: Ինչպես նաև կրեդիտների տարբերության լրացման համար նախատեսված է ավելի ճկուն ընթացակարգ՝ անհատական պլանի համաձայն:
Որոշման հավելվածներով սահմանվում են նաև բակալավրի կրթական աստիճանում ըստ մասնագիտության (կրթական ծրագրերի) և նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած պետական ուսումնական հաստատություններում տրամադրվող կրթաթոշակների առավելագույն չափերի ցանկերը, որոնք հաշվարկվել են՝ ըստ տվյալ կրթական ծրագրերի ՀՀ պետական ուսումնական հաստատություններում իրականացվող ուսումնառության համար սահմանված վճարների միջին արժեքների՝ չգերազանցելով 700 000 դրամը, մագիստրոսի կրթական ծրագրերում՝ 560 000 դրամը: Որոշ կրթական ծրագրերի մասով սահմանված կրթաթոշակի չափը լինում է պակաս, քան որոշ բուհերում այդ ծրագրի համար սահմանված ուսման վճարը, ինչը որոշակիորեն կխրախուսի ուսանողներին տեղափոխվել դեպի մարզային ՈՒՀ-ներ:
Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեից ակնկալվում է իրականացնել հատկացումներ 2023 թվականի համար՝ 659 790 601 դրամ և 2024 թվականի համար՝ 1 325 021 202 դրամ:
Առաջիկայում կհրապարակվի Հայաստանի Հանրապետության պետական բուհերի և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության հաստատությունների ցանկը, որոնցում կազմակերպվում է hավելվածներով ներկայացված կրթական ծրագրերով ուսուցում: