Գիտության նոր հորիզոններ. «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով-2024» գիտական միջոցառումը ԵՊՀ-ում









Երևանի պետական համալսարանում անցկացվում է Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով-2024» գիտական միջոցառումը: Գիտական այս կարևոր իրադարձությունը, որը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 15-ը, միավորում է գիտնականներին, հետազոտողներին և երիտասարդ մասնագետներին՝ ամփոփելու անցնող տարվա գիտական ձեռքբերումները, ամրապնդելու միջգիտակարգային համագործակցությունը և խթանելու գործակցային նոր կապերի ստեղծումը:
Գիտաժողովը, որը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակությամբ կազմակերպվում է արդեն երրորդ տարին, դարձել է գիտական հանրույթի համար ամենասպասված միջոցառումը՝ համախմբելով տարբեր ոլորտների մասնագետներին, գիտական ծրագրերի ղեկավարներին և երիտասարդ հետազոտողներին: Այն միավորում է Հայաստանում գործող հիմնական գիտական ծրագրերը, որոնք միտված են գիտական խմբերի կամ լաբորատորիաների ստեղծմանը՝ նպաստելով համակարգաստեղծ և կառուցվածքային փոփոխություններին գիտական միջավայրում:
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ընդգծելով միջոցառման կարևորությունը, ասաց. «Այս գիտաժողովը մեր երկրի գիտական ներուժի զարգացման համար առանցքային հարթակ է: Այն ոչ միայն գիտական հանդիպումների շարք է, այլև բացառիկ հնարավորություն՝ գաղափարների, փորձի փոխանակման և գործակցային նոր կապեր հաստատելու համար: Հպարտությամբ կարող ենք ասել, որ Երևանի պետական համալսարանը դարձել է այս կարևոր գիտական միջոցառման կենտրոնը՝ համախմբելով տարբեր սերունդների և ոլորտների գիտնականներին և նպաստելով նրանց գիտակրթական կապերի ամրապնդմանը»:
Այս տարվա գիտաժողովն առանձնանում է իր ծավալով, մասնակիցների մեծ քանակով և միջգիտակարգային մոտեցումների խորացմամբ:
Գիտաժողովի կազմակերպիչ, ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի վարիչ Մուշեղ Ռաֆայելյանը նշեց. «Գիտաժողովը համախմբում է Հայաստանում այս պահին գործող հիմնական մի քանի գիտական ծրագրերի ղեկավարներին, որոնք նպատակադրվել են ստեղծելու գիտական խմբեր կամ լաբորատորիաներ։ Գիտական միջոցառման շրջանակում գիտնականները ներկայացնում են իրենց ծրագրերի ընթացիկ արդյունքները և միասին քննարկում բոլորին հետաքրքրող հարցերը: Գիտաժողովը նաև հնարավորություն է ստեղծում հաստատելու նոր կապեր և ամուր հիմքեր հետագա համագործակցությունների համար»:
Նրա խոսքով՝ անցյալ տարվանից սկսած՝ գիտաժողովի շրջանակում անցկացվում է միջգիտակարգային մրցույթ, որի շրջանակում գիտական թեմաների ղեկավարները ներկայացնում են իրենց թիմերից երիտասարդ մասնակիցների, իսկ կազմկոմիտեն, համագործակցելով այլ ոլորտների մասնագետների հետ, ձևավորում է միջգիտակարգային խմբեր: Այս խմբերում ընդգրկվում են տարբեր ուղղվածությունների ներկայացուցիչներ, ինչը նպաստում է նորարարական գաղափարների ստեղծմանն ու ոլորտային խնդիրների համապարփակ լուծմանը։ Այս տարի մրցույթին մասնակցում են ավելի քան 120 երիտասարդ գիտնականներ, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա մասնակիցների թիվը:
Այս տարի առանձնահատուկ ուշադրության է դարձվում գիտության կազմակերպմանն ուղղված թեմաներին, որոնք, ըստ Մուշեղ Ռաֆայելյանի, ունեն առանցքային նշանակություն գիտական կառույցների միջև կապերի ամրապնդման և գործունեության արդյունավետության բարձրացման համար։
«Գիտության կազմակերպմանն առնչվող թեմաները կարևոր են, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում ավելի համակարգված և նպատակային կազմակերպելու աշխատանքները՝ ստեղծելով ամուր և կայուն հիմք գիտական հետազոտությունների համար»,- մատնանշեց նա։
Միջոցառման կարևոր բաղադրիչներից է նաև միջգիտակարգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում երիտասարդ գիտնականների թիմերը ներկայացնելու են իրենց համատեղ աշխատանքները՝ այդպիսով խրախուսելով միջգիտակարգային կապերի ամրապնդումը, նոր գաղափարների փոխանակումը և գիտական ծրագրերի զարգացման հեռանկարների քննարկումը:
Մինչև դեկտեմբերի 15-ը շարունակվող այս միջոցառումը եզրափակվելու է պանելային քննարկումներով, միջգիտակարգային մրցույթի արդյունքների ամփոփումով և հաղթողների պարգևատրման արարողությամբ՝ դրանով իսկ ամրագրելով գիտական այս միջոցառման կարևոր դերը որպես գիտական համագործակցության և առաջընթացի խթան:
Աղբյուրը՝ ԵՊՀ պաշտոնական կայք