Ցավակցական
Հայաստանի գիտությունը ցավալի կորուստ կրեց: Կյանքից անժամանակ հեռացավ անվանի ֆիզիկոս, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) երկարամյա աշխատակից Աշոտ Գևորգի Ախպերջանյանը:
Աշոտ Ախպերջանյանը բարձր էներգիաների գամմա-ճառագայթների աստղաֆիզիկայի բնագավառի լավագույն մասնագետներից էր, Հայաստանի բարձր արդյունավետությամբ աշխատող գիտնականներից մեկը: Նրա աշխատանքները տպագրվում էին աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում: Գիտության մեջ նրա վաստակի բարձր գնահատականը Հայաստանի Հանրապետության Նախագահի, ինչպես նաև Եվրոպական Միության Դեկարտի, Ամերիկյան աստղագիտական ընկերության Բրունո Ռոսսիի անվան (HESS համագործակցության կազմում) մրցանակներն են:
Ի դեմս Աշոտ Ախպերջանյանի՝ մենք կորցրինք գիտությանն անսահման նվիրված ֆիզիկոսի, որն իր մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշների շնորհիվ վայելում էր գիտական հանրության, բոլոր իրեն ճանաչողների համակրանքն ու սերը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությանգիտության պետական կոմիտեն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում ուժերի ծաղկման շրջանում կյանքից հեռացած Աշոտ Ախպերջանյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին ու նրանց հետ կիսում անդառնալի կորստի ցավը:
Աշոտ Ախպերջանյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե