ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հաստատվել են բազային, նպատակային-ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման նոր կարգերը

13.02.2025

Գործադիրը այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ուժը կորցրած են ճանաչվել ֆինանսավորման նախկին կարգերը սահմանող 3 որոշումները (ՀՀ կառավարության 2001թ. նոյեմբերի 17-ի N 1121-Լ, N 1122 և N 1123): 

Համաձայն համապատասխան հավելվածների՝ ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ հաստատվել են․

  - գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգը (Հավելված N1),

  - գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորման կարգը (Հավելված N2),

  - գիտական և գիտատեխնիկական գործունեության գիտական դրամաշնորհային ֆինանսավորման կարգը (Հավելված N3):

Նոր կարգերի հաստատման անհրաժեշտությունը բխում է գիտության ոլորտում տեղի ունեցած բարեփոխումներից՝ ուղղված լինելով գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի իրավահարաբերությունների բարելավմանը և արդիականացմանը։ Այն գալիս է փոխարինելու ոլորտը կարգավորող գործող իրավական ակտերին, որոնց վերջին խմբագրությունները են դեռևս 2000-ական թվականների են և հաշվի չեն առնում ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև ստեղծում են իրավական խոչընդոտներ մի շարք նորարարական ծրագրերի իրականացման համար:

Նախագծի ընդունմամբ կապահովվեն ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը գիտության զարգացման արդի վիճակին և միջազգային չափանիշներին, գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումը, ՀՀ գիտության ոլորտի առաջընթացը և դինամիկ զարգացումը, ինչպես նաև կսահմանվի գիտական արդյունքի որակի ավելի բարձր նշաձող:

Ֆինանսավորման նոր կարգերում ներառված են գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման շրջանակում ներկայացվող ծրագրերի հայտի տեսակները և դրանց համար նախատեսվող պահանջները՝ մինչև հինգ տարվա ծրագրային ֆինանսավորման մոդելի ներդրմամբ, կազմակերպությունների ֆինանսավորման կատարողականի վրա հիմնված մեխանիզմները, ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանման և բոնուսային կամ տույժային մեխանիզմները, գիտական և գիտատեխնիկական փորձաքննության տեսակները: