«Մասնագիտական վերապատրաստում 2024/2»․ հայտերի ընդունումը բաց է
Մեկնարկել է 2024թ․ «Մասնագիտական վերապատրաստում» երկրորդ մրցույթը՝ ուղղված ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպությունների և բուհերի աշխատակիցների, այդ թվում՝ երիտասարդ գիտական կադրերի որակավորման բարձրացմանը։
Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով։ Այն նպատակ ունի օգտագործել և փոխառել գիտահետազոտական գործունեության մեջ առաջատար երկրների փորձն ու հմտությունները, նպաստել հետազոտողների ինտեգրմանը միջազգային հետազոտական տարածքում, ներգրավել Սփյուռքի գիտական ներուժը։
Մրցույթին մասնացելու հայտը, ի թիվս մի շարք փաստաթղթերի, ներառում է նաև գիտական նախագիծ, որը պետք է նպաստի հայտատուի մասնագիտական աճին։ Հայտատու կարող են լինել ՀՀ այն քաղաքացիները, որոնք
- մագիստրատուրայի ուսանող են՝ ընդգրկված բազային ֆինանսավորման որևէ ծրագրում,
- 1989թ․ հունվարի 1-ից հետո ծնված ասպիրանտ կամ հայցորդ են, որոնք կազմակերպությունում ձևակերպված են որպես հայցորդ Մրցույթին դիմելու վերջնաժամկետից առնվազն մեկ տարի առաջ։
- 1974թ․ հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճան ունեցող և գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձինք են, որոնք Կազմակերպության հետ ունեն աշխատանքային պայմանագիր։
Վերապատրաստման տևողությունը կարող է լինել 2-ից մինչև 12 ամիս:
Ընդունող կազմակերպությունը, որտեղ հայտատուն պատրաստվում է անցկացնել վերապատրաստումը, պետք է պաշտոնապես հաստատի hայտատուին ընդունելու մտադրությունը։ Բացի դրանից՝ հայտատուն նշված կազմակերպությունում պետք է ունենա գիտական աստիճան ունեցող մենթոր։
Ֆինանսավորման առավելագույն չափը մագիստրատուրայի ուսանողների և ասպիրանտների կամ հայցորդների դեպքում կարող է լինել 10.600.000 ՀՀ դրամ, մյուսների դեպքում՝ 11.800.000 ՀՀ դրամ 12 ամսվա համար:
Մրցույթին մասնակցելու հայտը անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել Կոմիտեի հայտերի և հաշվետվությունների grants.hesc.am համակարգի միջոցով։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2024․թ․ հուլիսի 12-ն է: Հայտերի ուղարկման հնարավորությունը կարգելափակվի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին: Թղթային տարբերակով Կոմիտե ներկայացվող փաստաթղթերի վերջնաժամկետը 2024թ․ հուլիսի 19-ն է: Արդյունքների ամփոփումը նախատեսվում է մինչև 2024թ․ հոկտեմբերի 1-ը։