Քննարկման է դրվել 2024/2025 ուս․ տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին նախագիծը
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:
Նախագծի ընդունմամբ կհաստատվեն ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝
- պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 180 տեղ,
- նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 90 տեղ,
- պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 35 տեղ:
Կսահմանվի, որ հաշվի առնելով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՀՀ ԳԱԱ-ի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը՝ ՀՀ-ում 2024/2025 ուստարում ասպիրանտուրայի առկա և հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը վերաբաշխում է ԿԳՄՍ նախարարությունը՝ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18-20 միավոր և մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին կամ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18-20 միավոր ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի, անհրաժեշտության դեպքում պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016թ․ փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 28-րդ կետի պահանջները:
Ընդունմամբ կապահովվի անձի հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքը՝ նպաստելով պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներում հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով երիտասարդ մասնագետների ներգրավմանը, ինչպես նաև գիտության ոլորտում սերնդափոխությանը և գիտական ներուժի զարգացմանը:
Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2023 թ. մարտի 28-ը ներառյալ՝ ստորև կամ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/6990 կամ ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@hesc.am: