«Գիտությունը հանուն առավել անվտանգ աշխարհի». Աստանայում կայացել է ՄԳՏԿ 30-ամյակին նվիրված միջոցառումը
2024թ. հունիսի 4-ից 6-ը Ղազախստանի Աստանա քաղաքում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մասնակցել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհրդի 78-րդ հանդիպմանը, ինչպես նաև Կենտրոնի 30-ամյակի հոբելյանական միջոցառմանը:
Բացի ՄԳՏԿ 10 անդամ-երկրներից (Հայաստան, Վրաստան, Եվրամիություն, Ճապոնիա, Ղրղզստան, Նորվեգիա, Հարավային Կորեա, Տաջիկստան, Ղազախստան և ԱՄՆ), հոբելյանական միջոցառմանը մասնակցել են նաև աշխարհի 25 տարբեր երկրներից ժամանած ոլորտային բարձրաստիճան պաշտոնյաներ և գիտնականներ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՄԳՏԿ 2023 թվականի գործունեության արդյունքները, ՄԳՏԿ քարտուղարության գործունեության հաշվետվությունը, ՄԳՏԿ 2024 թվականի ռազմավարական միջոցառումների ճանապարհային քարտեզը, նպատակներն ու գործառնական խնդիրները, ՄԳՏԿ շրջանակում նոր երկրների (Ուզբեկստան, Քենիա,Միացյալ Թագավորություն, Սինգապուր, Արաբական Միացյալ Էմիրություններ, Շվեյցարիա) անդամակցության և համագործակցությունների ձևավորումը, ՄԳՏԿ հաղորդակցության ռազմավարական պլանը, ինչպես նաև ապատեղեկատվության տարածման դեմ իրականացվող համապատասխան միջոցառումները:
ՄԳՏԿ 30-րդ հոբելյանական միջոցառման շրջանակում կայացել է «Գիտությունը հանուն առավել անվտանգ աշխարհի» խորագրով գիտաժողովը: Պանելային քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել արդիական խնդիրներին, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և ջրի անվտանգությունը, կիբեռանվտանգությունը, բժշկական պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային սպառնալիքները մեղմելու համար նոր տեխնոլոգիաների կողմից ստեղծված մարտահրավերները:
Հիշեցնենք, որ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը միջկառավարական կազմակերպություն է, որն ստեղծվել է 1992 թվականին՝ Եվրոպական Միության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի կողմից: Հետագայում կենտրոնին են միացել այլ երկրներ, այդ թվում՝ 1994 թ.-ից Հայաստանը: 2015 թ.-ից Ռուսաստանը դադարեցրել է իր անդամակցությունը, ինչի կապակցությամբ էլ ՄԳՏԿ կենտրոնական գրասենյակը Մոսկվայից պաշտոնապես տեղափոխվել է Աստանա: Կենտրոնի հիմնական նպատակներից է հետխորհրդային երկրների գիտնականների՝ միջազգային գիտական հանրությանը ինտեգրմանը նպաստելը:
1998-ից գործում է ՄԳՏԿ հայաստանյան տարածաշրջանային բաժանմունքը, որի ծավալած գործունեությունը մեծապես նպաստել է հայ գիտնականների և հետազոտական խմբերի ակտիվ մասնակցությանը ՄԳՏԿ մի շարք ծրագրերին: