ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մեկնարկել է արտերկրի գիտնականների ինտեգրմանն ուղղված 2025թ․ մրցույթի հայտերի ընդունումը

13.09.2024

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է մրցույթ՝ ուղղված արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումներ ստեղծելուն:

«Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում 2025» մրցույթին կարող են մասնակցել 2-5 անդամ ունեցող գիտական խմբերը՝ արտերկրից գիտնականի ղեկավարությամբ, և պետք է ներկայացնեն հավակնոտ, մրցունակ, հեռանկարային, խոստումնալից ու իրագործելի նախագիծ, որի տևողությունը 60 ամիս է։

Խմբի ղեկավար կարող են լինել 1974թ․ հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճանը 2005թ․ հունվարի 1-ից հետո ստացած անձինք, որոնք հայտերի առցանց ընդունման վերջնաժամկետին (2024 թվականի նոյեմբերի 8) նախորդող 4 տարվա ընթացքում գումարային 12 ամիս և ավելի չեն ուսումնառել կամ աշխատել ՀՀ-ում։ 

Խմբի մյուս անդամները կարող են լինել ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ, սակայն, նախագծի իրականացման ընթացքում թե՛ խմբի անդամները, թե՛ ղեկավարը պետք է բնակվեն ՀՀ-ում՝ հանդիսանալով ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ։

Խմբի անդամներից առնվազն երկուսը պետք է ծնված լինեն 1989թ․ հունվարի 1-ից հետո և կարող են լինել առնվազն բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողներ: 

Խումբը նաև պետք է ունենա գիտական աստիճան ունեցող, նախագծին առնչվող մասնագիտությամբ արտերկրի որևէ հետազոտական կազմակերպությունում գիտահետազոտական աշխատանքով զբաղվող արտասահմանյան գործընկեր, որի համահեղինակութամբ պետք է լինի որպես նախագծի վերջնարդյունք ներկայացված հրապարակումներից առնվազն մեկը։

Միաժամանակ, նախագծի իրականացման ողջ ժամանակահատվածում գործընկերը պետք է գումարային առնվազն 25 օր գտնվի ՀՀ ընդունող կազմակերպությունում և գումարային առնվազն 25 օր իր գիտական կազմակերպությունում ընդունի խմբի անդամներին։ Գործընկերոջ համար վարձատրություն նախատեսված չէ։

Նախագծի իրականացման ընթացքում՝ մինչև 24 ամիսը լրանալը, խմբի անդամների ընդգրկմամբ կազմակերպությունում ձևավորվում է նոր գիտական ստորաբաժանում (խումբ, լաբորատորիա, բաժին), որտեղ հայտում ընդգրկված աշխատակիցների գումարային աշխատաժամանակի տևողությունը պետք է լինի առնվազն շաբաթական 120 ժամ։

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնում է խմբի ղեկավարը irf-armenia-2025.hesc.am առցանց համակարգի միջոցով։ Վերջնաժամկետը 2024թ․ նոյեմբերի 8-ն է՝ Երևանի ժամանակով 18:00-ն:

Մինչև 2024թ․ նոյեմբերի 15-ը ներառյալ կազմակերպության ներկայացուցիչը մեկ ընդհանուր փաթեթով առձեռն Կոմիտե է ներկայացնում կազմակերպության ներկայացրած բոլոր հայտերին վերաբերող փաստաթղթերը (աշխատանքային ժամերին՝ Օրբելի եղբայրների 22, 9-րդ հարկ, 907 սենյակ):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից (հեռախոս՝ +37410 210 140 (*108), էլեկտրոնային փոստ՝ scexpert@hesc.am):

Մրցույթի հրավերի փաթեթը (հայերեն)

Մրցույթի հրավերի փաթեթը (անգլերեն)