Հաստատվել են 2021/2022 ուստարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը
ՀՀ կառավարության մայիսի 13-ի նիստում հավանություն տրվեց «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին:
Որոշմամբ 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու 10 տեղ է հատկացվել՝ բնական, հասարակական, հայագիտական և հումանիտար գիտությունների ու ճարտարագիտություն և տեխնոլոգիա բնագավառներով:
Տեղերն ըստ մասնագիտությունների բաշխելիս հաշվի են առնվել, ՀՀ տնտեսության կարիքներից բխող և միջազգային մակարդակին համապատասխանող գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող համապատասխան մասնագետների առկայության անհրաժեշտությունը, ինչպես նաև բուհերի կամ գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների թվաքանակը, տարիքային շեմը, ձևակերպված դոկտորանտների թիվն ու անհրաժեշտ համապատասխան մասնագետների քանակը:
Նախագծի ընդունումն ուղղված է գիտության ոլորտի կադրային ներուժի արդյունավետ վերարտադրությանը, գիտության ոլորտի՝ բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներով համալրմանը, ինչպես նաև հանրապետության կարիքների բավարարման համար անհրաժեշտ նոր հետազոտական ուղղությունների կայուն զարգացման կադրային հենքի ապահովմանը: