ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ընդլայնվում են հայ-բրիտանական գործընկերային կապերը ակադեմիական ոլորտում

13.11.2023
image descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage description

2023թ. նոյեմբերի 7-8 հայաստանյան պատվիրակության՝ Միացյալ Թագավորություն կատարած ճանաչողական այցի արդյունքում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Լոնդոնի արվեստի համալսարանի պրոռեկտոր, Central Saint Martins քոլեջի տնօրեն Ռաթնա Ռամանաթանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ բարձրագույն կրթության ոլորտում լավագույն փորձի փոխանակման և ՀՀ-ում ակադեմիական քաղաքի հայեցակարգի իրագործմանն աջակցության նպատակով:

Հայաստանյան պատվիրակության կազմում էին նաև «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի աշխատակիցները, արվեստի ոլորտի պետական բուհերի ղեկավար կազմի ներկայացուցիչները, իսկ հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը։

Փոխըմբռնման հուշագիրը կարգավորում է ակադեմիական ոլորտում հայ-բրիտանական համագործակցության հինգ ուղղություններ՝ գործող ուսումնական հաստատությունների միավորման ռազմավարության վերաբերյալ խորհրդատվություն, ղեկավար կազմի մենթորինգ և վերապատրաստում, ուսումնական ծրագրի և վերջինիս բովանդակության կազմմանն աջակցություն, դասախոսական կազմի մասնագիտական վերապատրաստում և համատեղ իրականացվող կրկնակի դիպլոմի ծրագրեր:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ տեղի ունեցած երկօրյա այցի շրջանակներում հայաստանյան պատվիրակությունը շրջայցեր է կատարել Լոնդոնի արվեստի համալսարանի ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող Central Saint Martins և Չելսի քոլեջներ, խորքային քննարկումներ են տեղի ունեցել բարձրագույն կրթության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից բուհերի միավորման առավելությունների, համալսարանի ակադեմիական ծրագրերի և միջբուհական համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Բրիտանացի գործընկերները կիսվեցին արվեստի, դիզայնի, նորաձևության և կատարողական արվեստների ոլորտի վեց քոլեջները մեկ բուհում միավորելու իրենց փորձով՝ սկսած միաձուլման ռազմավարության մշակումից մինչև միավորված բուհի ֆիզիկական տեղակայում և գույքային ապահովում, վերջինիս գործունեության կազմակերպման և կառավարման նոր լուծումների որդեգրում, կրթական ծրագրերի մշակում և որակի ապահովում:

Լոնդոնի արվեստի համալսարանի փորձի ուսումնասիրության համատեքստում՝ Կոմիտեի նախագահը ներկայացրել է ՀՀ-ում կառուցվելիք «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի ընձեռած հնարավորությունները և մարտահրավերները, ինչպես նաև բրիտանացի գործընկերների հաջողված փորձը Ակադեմիական քաղաքի՝ արվեստի պետական բուհերը միավորող 2-րդ կլաստերի հայեցակարգի մշակման և իրագործման գործընթացում տեղայնացնելուն ուղղված հնարավոր լուծումները: Անդրադարձ է կատարվել նաև արվեստի ոլորտի հայաստանյան պետական բուհերի պատմությանը, ընթացիկ առաջնահերթություններին և կարիքներին:

Հիշեցնենք, որ ակադեմիական ոլորտում հայ-բրիտանական համագործակցության նախադրյալները ձևավորվել են դեռևս ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. մայիսին ՄԹ համաշխարհային կրթական ֆորումի շրջանակներում Լոնդոնի արվեստների համալսարան կատարած այցի ժամանակ, իսկ ներկայիս հուշագիրը հատկանշական է համագործակցության շարունակականության և ապագայում ավելի ընդգրկուն համաձայնագրերի կնքման և իրագործման տեսանկյունից։