FAST-ի ADVANCE հետազոտական դրամաշնորհային ծրագիրը կշարունակվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հովանու ներքո
Դեկտեմբերի 12-ին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) համագործակցության պայմանագիր են ստորագրել, որով հիմնադրամի ADVANCE հետազոտական դրամաշնորհային ծրագրի ներքո գործող ընթացիկ նախագծերից վեցն իրենց շարունակությունն են ստանում կոմիտեի հովանու ներքո։
Մեկնարկելով 2020 թվականին` ADVANCE-ը Հայաստանում ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Չիլիից միջազգային անվանի գիտնականների ղեկավարությամբ միավորել է 88 հետազոտողի, ձևավորել հետազոտական թիմեր այնպիսի նորարարական ուղղություններում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, համակարգչային տեսողությունը, կենսատեխնոլոգիան, կենսաինֆորմատիկան, մաթեմատիկական անալիզը և այլք: Ծրագիրը հիմք է հանդիսացել 3-4-ամյա 9-ը հետազոտական նախագծերի ձևավորման համար, որոցից երկուսը՝ Երևանի պետական համալսարանի հետ համաֆինանսավորմամբ և համագործակցությամբ իրականացվող «Մեքենայական ուսուցում» և «Կենսատեխնոլոգիա» նախագծերը, աշնանն ամփոփել են իրենց քառամյա ուղին:
Անցած չորս տարիների ընթացքում ձևավորված թիմերն ունեցել են 30 հրապարակում միջազգային ամենաբարձր գործակցով ամսագրերում, Հայաստանում կազմակերպել են 25-ից ավելի ֆորմալ և ոչ ֆորմալ դասընթաց, ամառային դպրոց և համաժողով, ներգրավելով ավելի քան 770 մասնակցի, ընդլայնվել է հետազոտական լաբորատորիաների հագեցվածությունը 6 գործընկեր կառույցներում։ Այս ամենը պարարտ հող է ստեղծել միջոլորտային արդյունավետ գործակցությունների, հետազոտական արդյունքների քանակի և որակի բարելավման, ինչպես նաև երիտասարդ գիտնականների ներգրավման և կայացման համար:
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն ընդգծել է. «Այսօր ազդարարում ենք FAST-ի հետ համագործակցության նոր փուլի մեկնարկը, որի շրջանակում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կաջակցի ADVANCE-ի վեց նորարարական նախագծերի իրականացմանն ու հետագա կայունության ապահովմանը։ Մեր համոզմամբ, հիմնադրամի հետ հետագա երկկողմ և բազմակողմ համագործակցային հնարավորությունները բազմաթիվ են՝ հաշվի առնելով հայաստանյան գիտության և բարձրագույն կրթության ոլորտների առաջանցիկ զարգացմանը միտված երկուստեք հանձնառությունը։ Ներկայումս պետական քաղաքականությունը նախատեսում է առանցքային բարեփոխումներ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում, որոնք ենթադրում են ոլորտի բոլոր ներկայացուցիչների, ներառյալ՝ FAST հիմնադրամի ակտիվ ներգրավվածությունը՝ հատկապես հաշվի առնելով հիմնադրամի՝ նորարարական նախագծերի իրականացմանն աջակցության բազմամյա հաջող փորձառությունը և փորձագիտական ներուժը»:
Ըստ FAST-ի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանի. «ADVANCE-ի գաղափարը բխում է Հայաստանում գիտության առջև ծառացած խորքային խնդիրները հասցեագրելու, տեղի և միջազգային հետազոտական կառույցները կամրջելու, մինչ այդ նվազ ուսումնասիրված արդի ուղղություններում հետազոտությունները խթանելու և էկոհամակարգին զարգացման նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունից։ Արդյունքում ծնվեց հետազոտական դրամաշնորհային այս ծրագիրը, որի փորձարկումը հաջողելու դեպքում, նախատեսում էինք ներկայացնել այն կառավարության մեր գործընկերներին որպես գիտության ֆինանսավորման համապարփակ մոդել։ Ի ուրախություն մեզ, 4 տարի անց նախարարությունը փոփոխվող ռազմավարության շրջանակում ոչ միայն ավելացրել է գիտության ֆինանսավարումը, այլև ինտեգրել ADVANCE-ի մոդելը՝ ձևավորելով միջավայր, որը թույլ կտա ապահովել մոդելի կենսունակությունն ու սփռումը։ Շատ ուրախ ենք նախարարության մեր գործընկերների հետ գիտության զարգացման առաջնահերթությունը կիսելու համար և համոզված ենք, որ մասնավորի և պետության փոխգործակցության այս ձևաչափը մեծ ազդեցություն կունենա մեր էկոհամակարգում»։
ADVANCE-ի շրջանակում ներգրավված են եղել Երևանի պետական և Հայաստանի ամերիկյան համալսարանները, ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվան ֆիզիոլոգիական ինստիտուտը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտը: Որպես հյուրընկալող կառույցներ վերջիններս հարթակ են ստեղծել հետազոտական նախագծերի իրականացման և միջազգային և տեղական մակարդակում գիտական միջոցառումների կազմակերպման համար:
Ծրագրի մեկնարկից ի վեր FAST-ն իր նվիրատուների շնորհիվ ներդրել է 1,970,500 դոլար՝ ապահովելով հետազոտական աշխատանքի համար ամսական դրամաշնորհներ, ֆինանսավորելով միջազգային գիտաժողովներին հետազոտողների մասնակցությունը, անհրաժեշտ սարքավորումների ու լաբորատոր նյութերի գնումը, հոդվածների հրապարակման և թիմերի աշխատանքից բխող մնացած ծախսերը։
Իր հերթին, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն 2025 թ․-ի հունվարից մինչև 2027 թ․-ի օգոստոս ընկած ժամանակահատվածում ստանձնում է ADVANCE-ի վեց նախագծերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման տրամադրումը։
Առաջիկայում հիմնադրամը կշարունակի աջակցել ծրագրի արդյունքների հանրայնացման և հետազոտող գիտական խմբերի միջև կապերի ընդլայնման աշխատանքներին: