Բարձր առաջադիմությամբ 36 ուսանող կստանա կրթաթոշակ. ամփոփվել են 2023 թ. «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները

Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2023 թվականի մրցույթի արդյունքները. հաղթող է ճանաչվել 36 ուսանող:
Մրցույթի արդյունքում 1-ին տեղը զբաղեցրած 14 ուսանող կստանա 410.000-ական դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած 11 ուսանողն՝ 330.000-ական դրամ, իսկ 3-րդ տեղը զբաղեցրած 11 ուսանող՝ 239.000-ական դրամ կրթաթոշակ: Մրցանակային ֆոնդը կազմել է 12 միլիոն դրամ:
Մրցույթին մասնակցել են առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բուհերի ուսանողները՝ հետևյալ ոլորտներում.
- բնագիտություն (այդ թվում՝ մաթեմատիկա և ՏՀՏ),
- հայագիտություն,
- հումանիտար գիտություններ,
- հասարակագիտություն,
- ճարտարագիտություն (այդ թվում՝ ճարտարապետություն/գյուղատնտեսություն),
- մշակույթ-սպորտ,
- բժշկություն:
Մրցույթն անցկացվում է ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով. հաղթողները որոշվում են հավաքած առավելագույն միավորների քանակով՝ ըստ 3-10 միավորանոց գնահատման սանդղակի: Հավասար միավորների դեպքում հաշվի է առնվում ուսանողի առաջադիմությունը և կարգով սահմանված այլ չափանիշներ:
Մրցույթն անցկացվում է համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման կարգը, մրցույթի չափանիշները և մրցույթի մասնակցության հայտի ձևը հաստատելու մասին» N 1005-Ն որոշման դրույթների:
Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում, նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, խթանել ուսանողների մասնակցությունը և ձեռքբերումները մասնագիտական ոլորտների աշխատանքներում, ինչպես նաև խթանել մրցակցությունը բուհերի ուսանողների միջև: