Հունիսի 2-ին Երևանում մեկնարկեց «Հորիզոն-2020» շրջանակային ծրագրին նվիրված աշխատաժողով: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ պատվիրակության, ԵՄ արևելյան համագործակցության երկրների համապատասխան կազմակերպությունների և հայաստանյան գիտական կազմակերպությունների ու բուհերի ներկայացուցիչներ: Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Իր ելույթում պարոն Հարությունյանը նշել է. ««Հորիզոն-2020» ծրագիրը Հայաստանի գիտական համայնքին թույլ է տալու իրականացնել համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններ՝ խթանելով բարձր մասնագիտական որակավորում ունեցող հետազոտողների ներուժը և ներդնելով լավագույն գիտահետազոտական ենթակառուցվածքները, նպաստելու է փոքր և միջին նորարարական ձեռնարկությունների աջակցության ապահովման միջոցով հետազոտությունների և մշակումների բնագավառում մասնավոր ներդրումների աճին, աջակցելու է կլիմայի, շրջակա միջավայրի, էներգիայի, տրանսպորտի և այլ ոլորտներին առնչվող ժամանակակից մարտահրավերների լուծմանը նվիրված հետազոտություններին և նորարարական նախաձեռնություններին: Մյուս կողմից, «Հորիզոն-2020» ծրագրին մասնակցությունն ինքնին կհանգեցնի հասարակական բոլոր գործընթացներում գիտության դերի արժևորմանը: Ուստի, թույլ տվեք շնորհավորել բոլորիս՝ եվրոպական մեծ գիտական ընտանիքի լիարժեք անդամ դառնալու կապակցությամբ և մաղթել նորանոր գիտական նվաճումներ»: Համաժողովի ընթացքում Եվրոպական ներդրումային Բանկի (ԵՆԲ) կողմից ներկայացվել են Հայաստանում նորարարությունների ֆինանսավորման նոր ձևերն ու մոտեցումները, որոնք մեր երկրի համար հասանալի են դարձել 2016 թվականի մայիսի 19-ին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության «Հորիզոն-2020» ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագրի ստորագրմամբ:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են ոչ միայն «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի անդամակցությունից հետո հանրապետության գիտական կազմակերպությունների և հետազոտողների համար ստեղծվող նոր հնարավորությունները, մասնակցության պայմանները և ծրագրերը, այլև ծրագրին վերջերս անդամակցած երկրների փորձն ու ՀՀ գիտական կազմակերպությունների` ԵՄ շրջանակային ծրագրերում ունեցած մասնակցության հաջող օրինակները: Աշխատաժողովին ելույթով հանդես է եկել նաև կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը: «Հորիզոն-2020» ծրագրին անդամակցելով՝ Հայաստանի գիտական հանրությունը մեկ անգամ ևս հաստատեց, որ իր տեղը եվրոպական գիտահետազոտական տարածքում գտնվելն է, ինչը ամրագրված է նաև 2010 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության գիտության զարգացման 2011-2020 թթ. ռազմավարության» մեջ»,- իր խոսքում նշել է պարոն Սահակյանը: