ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կոմիտեն կհամագործակցի Բուլղարիայի ազգային գիտական հիմնադրամի հետ

26.05.2017

Մայիսի 26-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Բուլղարիայի ազգային գիտական հիմնադրամի (BNSF) ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ու հիմնադրամի գործադիր կոմիտեի նախագահ Գեորգի Վայսիլովը տեղեկատվություն են փոխանակել իրենց երկրներում գիտության ոլորտի կառավարման համակարգի, ոլորտում առկա խնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և Բուլղարիայի ազգային գիտական հիմնադրամի միջև գիտական և գիտահետազոտական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Փաստաթղթով կողմերը պայմանավորվում են համագործակցել հետևյալ ուղղություններով. գիտական հրապարակումների ու գրականության փոխանակում, գիտնականների (հատկապես երիտասարդ) կարճաժամկետ կամ երկարաժամկետ այցելությունների կազմակերպում,  համատեղ գիտաժողովների, սեմինարների և այլ միջոցառումների անցկացում, ինչպես նաև համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում` երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գիտական ուղղություններով:

Կողմերը որոշել են համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման նպատակով մրցույթ հայտարարել մինչև տարեվերջ, ինչի վերաբերյալ կկնքվի լրացուցիչ պայմանագիր:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին