Մարտի 25-ին տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնը
Մարտի 25-ին Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում (նախապես հայտարարված ֆիզիկական կուլտուրայի մասնաշենքի փոխարեն) տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը:
Երրորդ անգամ անցկացվող փառատոնի մասնակիցների շրջանակը և աշխարհագրությունը մեծացել է. այս տարի կներկայացվի 70-ից ավելի հետազոտական նախագիծ հանրապետության գրեթե բոլոր մարզերից:
Փառատոնին մասնակցելու համար միջին և ավագ դասարանների աշակերտները՝ անհատապես կամ երկու հոգանոց խմբով, գիտական ղեկավարի աջակցությամբ 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում իրականացրել են իրենց իսկ կողմից առաջադրված հետազոտական նախագծեր: Եզրափակիչ փուլում նրանք պաստառներով կներկայացնեն հետազոտությունների արդյունքները: Մասնագիտական հանձնաժողովի կողմից ամենաբարձր գնահատականների արժանացած մասնակիցների ծրագրերը կներկայացվեն միջազգային գիտատեխնիկական փառատոներում:
Փառատոնն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝ մաթեմատիկա և ծրագրավորում, ֆիզիկա և աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, հասարակական գիտություններ:
Հայկական համադպրոցական գիտության փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով դպրոցականների շրջանում հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների նկատմամբ և զարգացնել խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտություններ: