Հայ-հունական գիտական համագործակցություն. պայմանավորվածություններ նանոտեխնոլոգիաների ոլորտում
Պատրասի համալսարանի (Հունաստանի Հանրապետություն) հրավերով 2022 թ. ապրիլի 10-12-ը ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը գործուղվել էր Հունաստանի Հանրապետություն՝ Հայ-Ռուսական համալսարանի և Պատրասի համալսարանի միջև «Հորիզոն 2020» հետազոտությունների և նորարարությունների ԵՄ ծրագրի շրջանակում իրականացվող «NanoQIQO Horizon 2020» Twinning նախագծին նվիրված աշխատաժողովին և նախագծի խորհրդատվական մարմնի հանդիպմանը մասնակցելու նպատակով: Հունաստան մեկնած պատվիրակության կազմում էին նաև «Nano-QIQO» նախագծի կոորդինատոր, Հայ-Ռուսական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ Դավիթ Հայրապետյանը, ՀՀ ԳԱԱ ֆիզիակական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը և ՀՌՀ ներկայացուցիչներ:
Գործուղման ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Պատրասի համալսարանի ղեկավարության և «Nano-QIQO» նախագծի կոնսորցիումի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են նախագծի ընթացքը, ծրագրի շրջանակում գրանցված հաջողությունները, նանոտեխնոլոգիաների ոլորտի նոր մարտահրավերները, ծրագրի շրջանակներում համագործակցության շարունակականության և ընդլայնման հարցերը: Պատրասի համալսարանի ղեկավարության հետ քննարկվել են նաև գիտության ոլորտում հայ-հունական երկկողմ համագործակցության զարգացմանն ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությանը նվիրված հարցեր:
Գործուղման ընթացքում ստորագրվել է Պատրասի համալսարանի և Հայ-Ռուսական համալսարան միջև փոխըմբռնման հուշագիրը և «Համատեղ ասպիրանտական ծրագրերի ներդրման մասին» համաձայնագիրը, որը հնարավորություն կտա կոնսորցիումի անդամ երկրներում ներդնել նանոտեխնոլոգիաների ոլորտում համատեղ ասպիրանտական ծրագրեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցելու Պատրասի համալսարանի գիտության թանգարանի աշխատակիցների հետ և Հայաստանի Հանրապետությունում նմանատիպ կառույց հիմնադրվելու պարագայում աջակցություն ստանալու վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև «Nano-QIQO» նախագծի հետագա ընթացքն ապահովելու և ԵՄ «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի շրջանակներում նանոտեխնոլոգիաների և նյութագիտության գերազանցության կենտրոն հիմնադրելու նախագիծ ներկայացնելու վերաբերյալ, ինչպես նաև Եվրոպական հետազոտական տարածքի ամբիոնի (ERA Chair) ծրագրով Պատրասի համալսարանի գիտնականների խմբին Հայաստանի Հանրապետությունում ընդունելու համար: