Կյանքից հեռացել է Վարդան Դևրիկյանը
Սույն թվականի ապրիլի 13-ին 59 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանը:
Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964թ. մայիսի 18-ին ՀՀ Վանաձոր քաղաքում:
1986թ․-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 1989թ․-ից մինչ օրս աշխատել է Մաշտոցի անվան Մատենադարանում: 1990 - 1992թթ. եղել է «Լուսաւորիչ» թերթի գլխավոր խմբագիրը:
Մասնակցել է Արցախյան պատերազմին, 1994թ. մայիսի 28-ին պարգևատրվել ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:
1993 - 2009 թթ. աշխատել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որպես «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր և Մայր Աթոռի Ձեռագրատան վարիչ: 2009թ. դեկտեմբերից եղել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, իսկ 2015թ. մայիսից առ այսօր՝ ինստիտուտի տնօրեն:
Հեղինակ է 40-ից ավելի գրքերի և 60-ից ավելի գիտական հոդվածների, որոնք լույս են տեսել հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռումիներեն լեզուներով:
ՀՀ գիտության կոմիտեն ցավակցում է Վարդան Դևրիկյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին։