Քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ՀՀ-ի և Իսպանիայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները
ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն Իսպանիայի թագավորություն կատարած այցի շրջանակում հանդիպել է ԻԹ գիտական հետազոտությունների գլխավոր քարտուղար Էվա Օրտեգայի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում Հայաստանի և Իսպանիայի միջև համագործակցության զարգացման հնարավորություններին: Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով, որ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներն ինտեգրելու և մեկ միասնական համակարգ ու քաղաքականության ունենալու նպատակով նախորդ տարի ստեղծվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե:
Նախարարը կարևորել է երկու երկրների համապատասխան կառույցների միջև համագործակցությունը, որի համատեքստում պայմանավորվածություն է ձեռքբերվել ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իսպանիայի ազգային հետազոտական խորհրդի միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին հուշագիր ստորագրելու վերաբերյալ:
Ներկայացնելով գիտության ոլորտի զարգացման պետական քաղաքականությունը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը մեծացնելու և խթանելու ուղղությամբ՝ այդ համատեքստում կարևորելով համատեղ գիտական և հետազոտական համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Էրազմուս» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերին: Կողմերը պայմանավորվել են համագործակցության ծրագրերի շրջանակում ներկայացնել համատեղ նախագծեր: Միաժամանակ ընդգծվել է, որ արդեն իսկ առկա է արդյունավետ համագործակցություն՝ շուրջ 2500 համատեղ հրապարակումներ կան հայ և իսպանացի գիտնականների և հետազոտողների միջև:
Նախարարն իսպանական կողմին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ այդ համատեքստում կարևորելով նաև միջբուհական համագործակցությունը և այդ ուղղությամբ ՏՏ, բնական գիտությունների և ագրոտեխնոլոգիաների ոլորտներում համատեղ աշխատանքները: Նշվել է, որ ՀՀ ուսհաստատությունները շահագրգռված են ընդլայնել Իսպանիայի Թագավորության հետ արդեն գոյություն ունեցող համագործակցության շրջանակը, ակտիվացնել փոխայցելությունները, համատեղ միջոցառումների կազմակերպումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայագիտության ոլորտում համատեղ հետազոտություններ իրականացնելու հնարավորությանը, քանի որ Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում գործում է հայագիտության ամբիոն, իսկ ազգային գրադարանում առկա են հայկական ձեռագրեր: Այդ համատեքստում նշվել է, որ հայագիտական առարկաների ուսումնասիրության համար ՀՀ ԿԳՄՍՆ-ն տրամադրում է կրթաթոշակային տեղեր:
Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը այցելել է նաև Սերվանտեսի ինստիտուտ և Կոմպլուտենս համալսարան:
Սերվանտեսի ինստիտուտում նախարարը հանդիպել է միջազգային հարաբերությունների տնօրեն Լուիս Մարինայի հետ: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանում մեծանում է հետաքրքրությունը իսպաներենի և իսպանական մշակույթի նկատմամբ ոչ միայն բուհերում, այլև որոշ դպրոցներում, որտեղ ուսումնասիրվում է իսպաներեն։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում Սերվանտեսի ինստիտուտի հետ համագործակցության և համապատասխան կենտրոն հիմնելու հնարավորությունը, որը կնպաստի նաև իսպանական մշակույթի ուսումնասիրությանը, միջոլորտային հաղորդակցությանը և կապերի զարգացմանը։ Կարևորվել է, որ կծավալվի ակտիվ համագործակցություն իսպաներեն ուսումնասիրող ՀՀ բուհերի և Սերվանտեսի ինստիտուտի միջև: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը փաստել է բոլոր հարցերում աջակցելու պատրաստակամությունը:
Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Մադրիդի Կոմպլուտենս համալսարանական քաղաք, որն ունի երեք մասնաճյուղ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև համալսարանում գործող Հայագիտության հատուկ ամբիոնի ղեկավարը։
Նախարարը ծանոթացել է համալսարանական քաղաքի գործունեությանը, որի մասնաճյուղերից ամենամեծում սովորում է 71 հազար ուսանող: ԿԳՄՍ նախարարը հանդիպել է համալսարանի միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիա դել Ռոսարիո Կրիստոբալ Ռոնսերոյի հետ։
Խոսելով Հայաստան-Իսպանիա միջբուհական համագործակցության զարգացման մասին՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. ռազմավարությունը, որով նախատեսված է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացումը։ Այս առումով ըստ նախարարի՝ հայկական կողմին հետաքրքիր է իսպանական փորձը։ Նա կարևորել է Կոմպլուտենս համալսարանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ ակադեմիական քաղաքը նույն սկզբունքով է կառուցվելու։
Ներկայացնելով Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի Հայագիտության հատուկ ամբիոնի գործունեությունը՝ ամբիոնի ղեկավարը նշել է, որ այստեղ դասավանդվում են հայագիտական առարկաներ, իրականացվում են հետազոտական աշխատանքներ: Ամբիոնը ևս կմասնակցի առաջիկայում Մատենադարանում կայանալիք համաժողովին: Կողմերը քննարկել են նաև Կոմպլուտենս համալսարանում հայագիտական համաժողով կազմակերպելու հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գործունեությանը՝ շեշտելով համատեղ հետազոտություններ իրականացնելու հեռանկարները:
Աղբյուրը՝ https://escs.am/