Հայ-իտալական ծրագրի շրջանակում հանդիպում կկայանա պրոֆեսոր Անդրեա դը Անջելոյի հետ
«Հայաստանյան հետազոտությունների գնահատման համակարգի մշակում՝ հիմնված գիտաչափական մոտեցման վրա» հայ-իտալական ծրագրի շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի 16-20-ը Հայաստան է այցելելու Իտալիայի Տոր Վերգադա համալսարանի պրոֆեսոր Անդրեա դը Անջելոն:
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի կունենա հանդիպում պրոֆեսոր Դը Անջելոյի և հայկական կողմի ներկայացուցիչ ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Շուշանիկ Սարգսյանի հետ:
Հանդիպման ընթացքում կներկայացվեն հայ-իտալական ծրագրի ուսումնասիրության արդյունքները, որոնք վերաբերում են հայաստանյան բուհերի և գիտական կազմակերպությունների արդյունավետության գնահատմանը՝ հիմնված իտալացի գիտնականներ Ջիովաննի Աբրամոյի և Անդրեա դը Անջելոյի մշակած գիտական ներուժի ֆրակցիոնալ (FSS - Fractional Scientific Strength) նոր ցուցչի վրա, որը կիրառելի է STEM ոլորտում:
FSS ցուցչի կիրառմամբ կատարվել է հայաստանյան բուհերի և գիտական կազմակերպությունների հետազոտությունների արտադրողականության գնահատում՝ անհատական, ոլորտային, ինստիտուտների մակարդակում, ձևավորվել է հայաստանյան բուհերի վարկանիշ՝ հիմնված հետազոտական արտադրողականության վրա, բացահայտվել են հետազոտական թույլ և ուժեղ ոլորտները, ստուգվել է ցուցչի կիրառման հնարավորությունը՝ Իտալիայից և Նորվեգիայից բացի` այլ երկրների բարձրագույն կրթական համակարգերի վարկանիշը գնահատելու համար: