«Հեռավար լաբորատորիաների հիմնադրում 2024» մրցույթ
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրում 2024» մրցույթ:
Մրցույթի հիմնական նպատակը արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծումն է: Միաժամանակ, մրցույթը կնպաստի ներպետական և միջազգային համագործակցության խթանմանը, Սփյուռքի գիտական ներուժի ներգրավմանը, երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների ներգրավմանը, միջազգային հետազոտական միջավայրին երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը և այլն:
Մրցույթին կարող են ներկայացվել 60 ամիս տևողությամբ նախագծեր՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներից: Նախագիծը մշակող և իրականացնող գիտահետազոտական խումբը կարող է ունենալ մեկ կամ երկու արտերկրի ղեկավար և 2-5 անդամ` համաղեկավար և կատարողներ: Համաղեկավարը և կատարողները մրցույթին դիմելիս կարող են լինել ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ, և նախագծի իրականացման ընթացքում պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ կամ ռեզիդենտներ և բնակվեն ՀՀ-ում: Իսկ խմբի ղեկավարը շարունակելու է իր գործունեությունը արտերկրի գիտական կենտրոնում՝ նախագծի իրականացման ընթացքում տարեկան առնվազն 4 շաբաթ անցկացնելով հայաստանյան ընդունող կազմակերպությունում, ինչպես նաև նախագծի կատարման ընթացքում հանրագումարային առնվազն 60 օր ժամկետով իր ներկայացրած գիտական կազմակերպությունում ընդունելով գիտական խմբի անդամներին։
Գիտության ոլորտ երիտասարդ հետազոտողների ներգրավման նպատակով կան որոշակի տարիքային սահմանափակումներ. այսպես, խմբի համաղեկավարը պետք է ծնված լինի 1983 թ. հունվարի 1-ից հետո, պարտադիր է խմբում երիտասարդ գիտնականների ներգրավումը:
Նախագծի իրականացման ընթացքում՝ մինչև 24 ամիսը լրանալը, կազմակերպությունում, որտեղ աշխատում է գիտական խումբը, կձևավորվի նոր գիտական ստորաբաժանում (խումբ, լաբորատորիա, բաժին)՝ համաղեկավարի (ստորաբաժանման ղեկավար) և կատարողների (ստորաբաժանման աշխատակիցներ) ընդգրկմամբ, որտեղ աշխատակիցների գումարային աշխատաժամանակի տևողությունը պետք է լինի առնվազն շաբաթական 120 ժամ (3 Full Time Equivalent. FTE)։
Նախագծի իրականացման ընթացքում խմբի ղեկավարի համար նախատեսվում է հոնորար ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածի համար (մինչև 3 մլն դրամ նախագծի իրականացման ողջ ընթացքի համար), խմբի անդամների աշխատանքի վարձատրության միջին չափը սահմանված է 300 հազար դրամ: Նախահաշվով նախատեսված են ծախսեր նաև սարքերի, նյութերի և ծառայությունների ձեռքբերման, գործուղումների, լաբորատորիայի ենթակառուցվածքի բարելավման և նախագծի կատարման համար անհրաժեշտ այլ ծախսերի համար։
Ներկայացված նախագծերի գիտական փորձաքննության ժամանակ հաշվի են առնվելու խմբի ղեկավարի, համաղեկավարի, կատարողների մասնագիտական համապատասխանությունը նախագծի նպատակներին, կազմակերպությունում իրականացման նախադրյալները, համապատասխանությունը ոլորտի զարգացման միտումներին, համագործակցության նպատակահարմարությունը, գիտական արդյունքների տնօրինումը և տարածումը և այլն:
Մրցույթին դիմելու համար խմբի ղեկավար(ներ)ին ու խմբի անդամներին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև նախագծի իրականացման ընթացքում և ավարտին ակնկալվող արդյունքներին մանրամասն կարելի է ծանոթանալ մրցույթի հրավերից:
Մրցույթի վերաբերյալ հարցերին պատասխանելու նպատակով դեկտեմբերի 13-ին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրների 22) կկազմակերպվի տեղեկատվական հանդիպում (Info Day):
Մրցույթին մասնակցելու հայտն անհրաժեշտ է ուղարկել rl-armenia-2024.hesc.am առցանց համակարգի միջոցով մինչև 2024 թ. հունվարի 19-ը: