ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ամփոփվել են դոկտորանտական կրթության ոլորտում ARMDOCT ծրագրի արդյունքները

14.12.2023

Կայացել է Էրազմուս+ «Դոկտորական կրթութ­յան բարեփոխումը Հայաստա­նում՝ ակա­դե­միա­կան համայնքի, արդյունաբերության պա­հանջ­ներին և ԵՄ փորձին համա­պա­տասխան» (ARMDOCT) կարողությունների զարգացման ծրագրի արդյունք­ների ամփոփմանը նվիրված համաժողովը։

Նախագծին անդամակցել են ԵՄ (Պորտուգալիա, Իտալիա, Ֆրանսիա, Լիտվա) չորս և հայաստանյան ինը բարձրագույն ու­սում­­նա­կան հաստատություններ և մեկ գիտահետազոտական ինստիտուտ։ Նա­խագիծն իրա­կա­նացվել է ՀՀ կրթության, գիտության, մշա­կույ­թի և սպորտի նա­խա­րարության մաս­նակ­ցությամբ և ԵՄ համաֆինանսավորմամբ։

ARMDOCT ծրագիրը միտված է ապահովել Հայաստանում դոկտորական կրթության համադրելիությունը եվրոպական Զալցբուրգյան սկզբունքներին՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության, հետազոտության ու արդյունաբերության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի մշակման միջոցով։

Ծրագրի շրջանակներում մշակվել և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախա­­րա­րության կող­մից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթութ­յան երրորդ աստի­ճանի (ասպիրանտուրա) բարեփոխումների հայեցակարգը» (ԿԳՄՍ 16.11.2021թ թիվ 44-Լ)։ Բուհերից ներգրավված հետազոտողները, փորձագետները հայեցակարգում ներկայացրել են հետբուհական կրթության ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև սահմանել են հնարավոր լուծումները՝ որպես հետագա բարեփոխումների ուղենիշներ։

Ծրագրի շրջանակներում ձևավորվել են արդյունաբերական ուղղվածությամբ ասպիրանտական ծրագրեր, խթանվել են համագործակցային կապերը համալսարանների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և մասնավոր կազմակերպությունների միջև, ձևավորվել են համագործակցային դոկտորական դպրոցներ (կոնսորցիումներ), ինչպես նաև զարգացվել են նորարարական և ապագամետ մասնագիտություններով ասպիրանտական նոր կրթական ծրագրեր։

Միջոցառման ավարտին կոնսորցիումի անդամ հանդիսացող հայաստանյան բոլոր բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները, ինչպես նաև նախաձեռնությանը միացած «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ վերահաստատելով ՀՀ-ում բարձրագույն կրթության երրորդ աստիճանի ծրագրերը զարգացնելու հավաքական հանձնառությունը: