Հանրային լսում՝ գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգի և գնահատման չափանիշների վերաբերյալ
Ապրիլի 15-ին ՀՀ գիտության կոմիտեում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի N 935 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հանրային լսում, որին մասնակցում էին ՀՀ գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպումը բացելով՝ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրեց գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգի հաստատման հիմքերն ու կարևորորությունը, այնուհետ քննարկումներ ծավալվեցին գիտական կադրերի որակավորման գնահատման չափանիշների շուրջ:
Քննարկումների հիմնական մասը վերաբերում էր գիտական աշխատողի տարակարգերի համար պահանջվող՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրատարակված գիտական աշխատությունների առկայության պահանջին:
Կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը նշեց, որ նման դրույթը պարտադիր է միջազգային գիտական համագործակցության խթանման և աշխարհի մակարդակով մրցունակ գիտական արտադրանք տալու համար և հիշեցրեց, որ նշված կարգն ուժի մեջ է մտնելու տարիներ անց, քննարկվող չափանիշները հիմք են հանդիսանալու 2024 թվականին համապետական ատեստավորման անցկացման համար, և գիտաշխատողները ժամանակ ունեն՝ աշխատելու այդ չափանիշներին բավարարելու ուղղությամբ:
Քննարկումներ եղան նաև հասարակական և բնագիտական ոլորտների արդյունավետության գնահատման չափանիշները տարբերակելու անհրաժեշտության վերաբերյալ: