ՀՀ վարչապետը հյուրընկալել է Յուրի Հովհաննիսյանին և Գրիգորի Տրուբնիկովին









Ապրիլի 13-16-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հրավերով Հայաստանում է գտնվում Դուբնայի (ՌԴ) Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի պատվիրակությունը՝ ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովի ղեկավարությամբ:
Հայաստանում պատվիրակությունն ունեցել է մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Ապրիլի 14-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի է ունեցել ընդլայնված նիստ՝ նվիրված Հայաստանի գիտական կազմակերպությունների և ՄՀՄԻ միջև համագործակցության խորացման հարցերին: Նիստի ժամանակ նշվել է ՄՀՄԻ միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի 89-ամյակը: Հայտնի գիտնականին շնորհավորել են գործընկերները՝ կարևորելով նրա մեծ ներդրումը համաշխարհային գիտության զարգացման գործում: Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը Հովհաննիսյանին հանձնել է Պատվո շքանշան, իսկ «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտության ինստիտուտի տնօրեն Բագրատ Գրիգորյանը՝ նվեր-շքանշան:
Հանդիպման մասին առավել մանրամասն կարող եք կարդալ ՀՀ ԳԱԱ կայքից և ՄՀՄԻ-ի կայքից:
Ապրիլի 14-ին ՄՀՄԻ պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում, որտեղ ծանոթացել են Ա․ Ալիխանյանի արխիվային իրերին և ինստիտուտի այժմյան գործունեությունը ներկայացնող պաստառներին։
Մանրամասները՝ ԱԱԳԼ ֆեյսբուքյան էջից:
Ապրիլի 15-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում Երևանի պետական համալսարանի, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի և Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի միջև կնքվել է եռակողմ համաձայնագիր՝ ԵՊՀ-ում Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տեղեկատվական կենտրոնի բացման վերաբերյալ: ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ գիտության բնագավառում բացառիկ նվաճումների համար ակադեմիկոս Հովհաննիսյանին շնորհվել է ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում:
Մանրամասները՝ ԵՊՀ կայքից:
Յուրի Հովհաննիսյանը հյուրընկալվել է նաև ՀՀ կենտրոնական բանկում: Հանդիպման առիթը ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2022 թ. ապրիլի 14-ից շրջանառության մեջ դրված «Օգանեսոն (Og)» (արծաթե) հուշադրամն էր, որի դիմերեսին Օգանեսոն (Og) քիմիական տարրի պատկերը և ՄՀՄԻ պատկերանշանն են, իսկ դարձերեսին՝ Յուրի Հովհաննիսյանի դիմաքանդակը (քանդակագործ՝ Ղ. Չուբարյան, 1979 թ.):
Հուշադրամի մասին մանրամասները՝ ԿԲ կայքից:
Օրվա ավարտին ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և Գրիգորի Տրուբնիկովին հյուրընկալել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՄՀՄԻ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Վարչապետը ծանոթացել է ՄՀՄԻ պատվիրակության՝ Հայաստան այցի մանրամասներին, մասնավորապես, երիտասարդ գիտնականներին ինստիտուտի նոր ծրագրերում ներգրավվելուն ուղղված քայլերին. Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել գիտության բնագավառում երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը:
Մանրամասները՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից: