«Հետազոտական գործընթացը պետք է լինի կրթության անբաժանելի մաս, բարձրագույն կրթությունը՝ հետազոտահենք»․ ԲԿԳԿ նախագահը անդրադարձել է ոլորտի զարգացման տեսլականներին












Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ֆորումի շրջանակում կազմակերպված «Բարձրագույն կրթությունը 21-րդ դարի Հայաստանում. մոտեցումներ, ակնկալիքներ, ձևաչափեր» խորագրով պանելային քննարկմանը։
Պանելային քննարկմանը, որին մասնակցում էին նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, տնտեսագիտության դոկտոր Վահե Գաբրիելյանը և ՄԱԿ–ի գրասենյակի գործընկերությունների և զարգացման հարցերով ֆինանսական խորհրդատու Արևիկ Անափիոսյանը, Սարգիս Հայոցյանը ներկայացրեց ՀՀ բարձրագույն կրթության և գիտության ոլորտների զարգացման պետական քաղաքականության հիմնական մոտեցումները։
Մասնավորապես, Կառավարության՝ 2018 թվականից որդեգրած քաղաքականության արդյունքում հաջողվել է արձանագրվել գիտության ոլորտի ֆինանսավորման եռապատկում, ատեստավորված գիտաշխատողների աշխատավարձի նորմավորում և աստիճանական աճ, ենթակառուցվածքային և դրամաշնորհային խոշոր ծրագրերի իրականացում, ինչպես նաև նախադրյալներ ստեղծել կրթական և գիտական համակարգերի մեկտեղմանն ուղղված բարեփոխումների իրականացման համար։
Կրթական և գիտական համակարգերի մեկտեղում
«Ընդհանուր գաղափարը Հայաստանի Հանրապետությունում կրթական և գիտական՝ նախկինում տարանջատված համակարգերի մեկտեղումն է, այսինքն՝ նոր օրենքի նախագծով հետազոտական գործընթացը պետք է լինի կրթության անբաժանելի մաս, բարձրագույն կրթությունը՝ հետազոտահենք։ Դա նշանակում է, որ ուսանողը իր կրթական շրջափուլի որևէ հատվածում պետք է լինի հետազոտության մասնակից և առնչվի իսկական հետազոտական աշխատանքի հետ»։
Պանելային քննարկմանն անցկացումը համընկավ գործադիրի մայիսի 25-ի նիստում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման և հաստատման հետ, որի նպատակն է, ի թիվս այլնի, օրենսդրական հիմք ձևավորել նշված մոտեցման կյանքի կոչման համար։
Ուսանողակենտրոնություն
«Բուհական համակարգը և պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինեն ուսանողի հաջողությանը՝ ուսումնառությանը տրամադրած տարիների դիմաց ուսանողին զինելով իր ապագա բարեկեցությունը ապահովելու գործիքակազմով՝ գիտելիքներով, կարողություններով և հմտություններով»,- նշել է Հայոցյանը։
Որակի միջազգային չափանիշների ապահովություն
«Ոլորտային քաղաքականության կարևոր մաս է կազմում նաև բուհական և հետազոտական համակարգերի որակի համապատասխանությունը, որի մասին վկայում է որակի միջազգային չափանիշների ներդրումը և սահմանվում են որակյալ կրթության երաշխավորման մուտքային պայմաններ»,- նշել է Հայոցյանը՝ ընդգծելով գիտության գլոբալ բնույթը և Հայաստանում միջազգային կարևորության հետազոտությունների խրախուսման առաջնահերթությունը։
Քննարկմանը հաջորդեց նաև հարցուպատասխան, որի ընթացքում, ի թիվս այլնի, անդրադարձ կատարվեց հայերենի դերին՝ որպես գիտության լեզու։ Հայոցյանի հավաստմամբ՝ առաջնահերթությունը մրցունակ հետազոտությունների խրախուսումն է, որը օտարերկրյա բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում հրապարակումներն զուգահեռ, ենթադրում է նաև հայաստանյան գիտական ամսագրերին պետական աջակցության միջոցառումներ՝ նպատակ ունենալով նպաստել միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում նրանց ինդեքսավորմանը։
Բանախոսներն, ի թիվս այլնի, անդրադարձել են կրթության գործընթացում արհեստական բանականության կիրառմանը՝ ակադեմիական բարեվարքության սկզբունքների պահպանմամբ, տեղեկատվական աճող հոսքերի հետ մեկտեղ վերլուծական մտածողության ձևավորման հրամայականին, կրթության կառավարման և որակի ապահովման հարցերին և ոլորտի միջազգային մրցունակության խթանման անհրաժեշտությանը։
Հաջորդիվ, ԵՊՀ շրջանավարտների ֆորումի շրջանակում տեղի է ունեցել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասնակցությամբ պանելային քննարկումը՝ «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» խորագրով։