Գիտության ոլորտում Հայաստան-Վրաստան համագործակցության շրջանակներում կանցկացվի համատեղ նախագծերի աջակցության մրցույթ

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի հետ համատեղ նախատեսում է անցկացնել գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ - ՎԳԱՀ - 2024» միջազգային մրցույթը՝ համաձայն Կոմիտեի և Հիմնադրամի միջև 2023թ․ հունիսի 7-ին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» համագործակցության ծրագրի դրույթների:
Մրցույթի նպատակն է աջակցել «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա», «Բժշկական գիտություններ», «Գյուղատնտեսական գիտություններ» և «Հասարակական և հումանիտար գիտություններ (մասնավորապես՝ հայագիտության և վրացագիտության» բնագավառներում գիտական հետազոտությունների զարգացմանը գիտնականների շարժունության ակտիվացման միջոցով:
Մրցույթին մասնակցության համար նախագծերը կպատրաստվեն ՀՀ և Վրաստանի հետազոտական խմբերի կողմից համատեղ՝ հայտերը ներկայացնելով Կոմիտե և Հիմնադրամ: Հայտերը կենթարկվեն փորձաքննության Կոմիտեի և Հիմնադրամի կողմից՝ յուրաքանչյուր կողմի սահմանած ընթացակարգերին համապատասխան: Ֆինանսավորման կերաշխավորվեն երկուստեք հավանության արժանացած հայտերը:
Մրցույթի հրավերի տեքստը և ժամկետների մասին տեղեկությունը կհրապարակվի լրացուցիչ Կոմիտեի և Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի պաշտոնական կայքէջերում: