Մասնակցություն ՉԺՀ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության գիտական և տեխնոլոգիական փոխանակման 1-ին համաժողովին



Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների նախարարության հրավերով նոյեմբերի 4-9-ը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի լիազորություններն իրականացնող Լևոն Ֆարմանյանը և Գիտության քաղաքականության վարչության գիտության քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնի ավագ մասնագետ Օֆելյա Զաքարյանը մեկնել էին ՉԺՀ Չոնցին քաղաք՝ մասնակցելու ՉԺՀ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության գիտական և տեխնոլոգիական փոխանակման 1-ին համաժողովին, մասնակից երկրների նախարարական հանդիպմանը ու գիտության, տեխնոլոգիաների և ինովացիաների համագործակցության վերաբերյալ կլոր սեղան քննարկմանը: Լևոն Ֆարմանյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած բարեփոխումները և ձեռք բերված արդյունքները, ինչպես նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի էությունը և այս ուղղությամբ ձեռնարկված քայլերը:
Այցի ընթացքում Լևոն Ֆարմանյանն ու Օֆելյա Զաքարյանը երկկողմ հանդիպում են ունեցել ՉԺՀ գիտության և տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչների, այդ թվում` նախարարի առաջին տեղակալի հետ: Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության և տեխնոլոգիաների ոլորտում հայ-չինական համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր:
Գործուղման շրջանակներում կոմիտեի ներկայացուցիչները այցելել են նաև Չոնցինի համալսարան՝ վերջինիս գործադիր փոխնախագահի և միջազգային համագործակցության հարցերով տնօրենի տեղակալի հետ հանդիպման նպատակով: Նրանք այցելել են նաև Չոնցինի Արդյունաբերական ինովացիոն քաղաք, որտեղ ծանոթացել են առաջադեմ տեխնոլոգիաներին, ինչպես նաև ՉԺՀ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության նոր միջանցքի գործարկման հեռանկարներին և այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերին:
Հիմք ընդունելով ՉԺՀ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության գիտական և տեխնոլոգիական փոխանակման 1-ին համաժողովի և Չոնցինի համալսարանի ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կձեռնարկվեն համապատասխան քայլեր՝ բանակցությունները շարունակելու և չինական կողմի առաջարկներին համապատասխան համագործակցության նոր ծրագրերի իրականացման նպատակով: