ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Առաջարկվում է ստեղծել Տաղանդների զարգացման հիմնադրամ․ նախագիծ

16.04.2024

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի տաղանդների զարգացման» հիմնադրամ ստեղծելու, «Տաղանդների զարգացման ծրագրի» հայեցակարգը և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Առաջարկվում է ստեղծել Տաղանդների զարգացման հիմնադրամ, որի աշխատանքները միտված են լինելու ՀՀ ամբողջ տարածքում մարդկային տաղանդի հայտնաբերմանն ու այդ տաղանդի դրսևորմանն աջակցելուն, ընդհուպ իր տաղանդի առավելագույն դրսևորմամբ հավելյալ արժեք ստեղծող, ինքնուրույն և մրցունակ անհատականությունների ու թիմերի կայացումը:

Հայաստանի Հանրապետությունում դրսևորված տաղանդի զարգացումը հիմնականում տեղի է ունենում սեփական նախաձեռնությամբ և հնարավորությունների սահմաններում, բացի այդ՝ ներկայումս չկան անհրաժեշտ ինստիտուցիոնալ համակարգեր, որոնք հնարավորություն կընձեռեն վաղ տարիքից անհատի հակումներին և տաղանդի բացահայտմանը ու դրա դրսևորմանը և առաջխաղացմանը մասնագիտորեն աջակցելուն: Հատկապես գյուղական համայնքներում կամ սահմանամերձ բնակավայրերում տաղանդների դրսևորումը և զարգացումը կարող են ստորադասվել առօրյա գործունեությանը և վաղ տարիքից ցածր արդյունարարությամբ աշխատանքի անցնելը էապես խոչնդոտում է որոշ դեպքերում անգամ բազային կրթություն ստանալուն:

Որոշ դեպքերում ընտանիքի սոցիալական վիճակից ելնելով՝ հնարավոր է անհատի որոշակի առանձնահատուկ ունակությունները անտեսվեն և չստանան համապատասխան իրացում: Տաղանդների անտեսումը հնարավոր է նաև այն պայմաններում, երբ ոչ բոլոր բնակավայրերում են առկա տարբեր նախասիրությունների զարգացման համար անհրաժեշտ ծառայություններ, ինչպես՝ արվեստի կամ մարզական խմբակներ, որոնք հնարավորություն են տալիս նկատել երեխաների մոտ այս կամ այն տաղանդի դրսևորումը։

Հիմնադրամը պետք է իրականացնի իրավիճակի վերլուծություն, առանձնացնի թիրախային խմբերը, յուրաքանչյուր թիրախային խմբերի համար մշակի տաղանդի հայտնաբերման գործուն մեխանիզմներ և աջակցության մեթոդաբանություն՝ թիրախում պահելով ինքնուրույն և մրցունակ անհատի կամ թիմերի ձևավորումը: 

Աջակցությունը կարող է տրամադրվել անհատույց՝ կրթաթոշակի, նյութական աջակցության տեսքով, անտոկոս փոխառության տրամադրմամբ կամ կազմակերպություններում ներդրումների միջոցով:

Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2024թ. մայիսի 1-ը ներառյալ Կոմիտեի կայքում կամ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/7127 կամ ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@hesc.am):