ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հաստատվել և բաշխվել են ասպիրանտուրայի ընդունելության տեղերը

16.05.2024

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել և բաշխվել են ասպիրանտուրա ընդունելության տեղերը։

Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:

2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսվում է հատկացնել 270 անվճար տեղ, որից․

     - պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 180  տեղ,

     - նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 90 տեղ, 

Պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ևս 35 տեղ նախատեսված է միջպետական համաձայնագրերով։

Հետագայում 2024/2025 ուսումնական տարում ասպիրանտուրայի առկա և հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը կվերաբաշխեն՝ հաշվի առնելով ՀՀ բուհերի, Գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը (վերաբերում է միայն մասնագիտական քննությունից գերազանց և մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին կամ մասնագիտական քննությունից գերազանց ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի)։

Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման անկյունաքարային ոլորտներից մեկը գիտությունն է: 2023/2024 ուսումնական տարում բնական և տեխնիկական գիտություններին տրամադրվել էր առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 151 տեղից 95-ը,  իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար՝ հատկացված ընդհանուր 35 տեղից 20-ը:

Երիտասարդ կադրերին գիտության ոլորտում ներգրավելու նպատակով ներդրվել են մրցութային ծրագրեր, որոնց կարող են մասնակցել ասպիրանտուրայի սովորողները։ Սակայն վերջին տարիների ասպիրանտուրայի ընդունելության արդյունքների վերլուծությունից պարզ է դառնում, որ համալրվում են հատկացված տեղերի 60-70%-ը։ Մտավախություն կա, որ հնարավոր  է՝ 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության արդյունքում ևս հատկացված տեղերը ամբողջությամբ չհամալրվեն։ 

Այնուամենայնիվ, տեղերի թիվն ավելացել է՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով և դրանից բխող գործողությունների ծրագիրով սահմանված թիրախները՝ ասպիրանտուրային հատկացվող պետական ֆինանսավորման ավելացում և ասպիրանտների թվի կտրուկ աճ՝ ապահովելու պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներում հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով երիտասարդ մասնագետների ներգրավումը, ինչպես նաև նպաստելու գիտության ոլորտում սերնդափոխությանը և գիտական ներուժի զարգացմանը: