Մայիսի 16-ը Ուսանողների և երիտասարդության օրն է

Սիրելի ուսանողներ և երիտասարդներ,
Մայիսի 16-ը Հայաստանի Հանրապետության տոնացույցում նշվում է որպես Ուսանողների և երիտասարդության օր՝ խորհրդանշելով Առաջին Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ 1919 թվականի այս օրը Երևանում համալսարանի հիմնադրումը։
Պատմական այդ դժվարին ժամանակահատվածում բարձրագույն կրթությանը տրված նման առաջնահերթությունը և աշխարհի առաջատար բուհերի լավագույն փորձն ու առաջադեմ գիտելիքը կրող անվանի մասնագետների ներգրավումը համակարգաստեղծ այս գործում վկայում է այն մասին, որ պետականության կայացման և հասարակության զարգացման կարևոր գրավականներից մեկը Հայաստանի Հանրապետության համար միշտ եղել և մնում է մրցունակ կրթական և գիտական համակարգը, որի թիրախն է հանդիսանում քաղաքացիներին զինելը այնպիսի գիտելիքներով, հմտություններով ու կարողունակություններով, որոնք կնպաստեն քաղաքացու աշխատունակությանը, բարեկեցությանը և արժանապատիվ ու երջանիկ ապրելու հնարավորությանը։
Այս առումով, բուհական համակարգի դերը առանցքային է յուրաքանչյուր ուսանողի գիտելիքների, աշխարհընկալման, գաղափարների և նպատակների շրջանակի ձևավորման հարցում, ինչն անմիջական ազդեցություն է թողնելու թե՛ տվյալ անհատի հետագա հաջողության, թե՛ ողջ հասարակության զարգացման վրա։
Ուստի կարևոր է, որ ուսանողը կրթական ողջ շրջափուլն անցկացնի առավելագույնս բովանդակալից և արդյունավետ՝ հստակ գիտակցելով ոչ միայն բուհում ստացված գիտելիքների և հմտությունների կարևորությունը, այլև մրցունակ բուհական համակարգում ընթացող բարեփոխումների հարցում իր առանցքային դերը։
Այս առումով, հատկանշանական է երեկ գործադիրի կողմից հավանության արժանացած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որի նպատակներից է ստեղծել միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան մրցունակ և հետազոտահենք կրթական միջավայր, որը կլինի իրապես ուսանողակենտրոն՝ ուսանողին ավելի լայն հնարավորություն ընձեռելով ներգրավվելու իր անհատական ունակություններին, ուսումնառության ինտենսիվությանը և հետաքրքրություններին առավելագույնս համապատասխանող կրթական գործընթացի ձևավորմանը, ինչպես նաև մասնակցելու իրական հետազոտական աշխատանքներին։
Համակարգաստեղծ փոփոխությունները առաջ են բերում նաև ժամանակակից և նորարարական ենթակառուցվածքների ստեղծման հրամայականը, որն արտացոլվում է Կառավարության խոշորագույն նախաձեռնություններից մեկի՝ Ակադեմիական քաղաքի ձևավորման հայեցակարգում։ Այն ոչ միայն նորարարական և ստեղծարար միջավայր կստեղծի Հայաստանի գիտակրթական համայնքի յուրաքանչյուր անդամի համար, այլև ցանցային համագործակցություն կձևավորի բուհերի, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև՝ ավելի լայն հնարավորություններ ընձեռելով ուսանողներին՝ իրացնելու իրենց գիտելիքն ու հմտությունները։
Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության բոլոր բուհերի ուսանողներին Ուսանողների և երիտասարդության օրվա առթիվ՝ Կոմիտեն վերահաստատում է իր շարունակական հանձնառությունը՝ հայաստանյան գիտակրթական համակարգում ուսանողներին ապահովել իրենց ներուժը լիովին իրագործելու համար անհրաժեշտ պայմաններով։
Մաղթում ենք ձեզ արդյունավետ ուսումնառություն, նորարարական գաղափարներ և մշտապես նորը բացահայտելու ձգտում։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե